Մատչելիության հղումներ

Սյունիքում բրուցելյոզի վարակի փաստով հարուցվել է քրեական գործ


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն առաջացրել է «Գյուղարտ» ընկերության 18 աշխատակիցների զանգվածային հիվանդացում։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կապանի «Գյուղարտ» ընկերության 18 աշխատակիցներ ընկերության սպանդանոցում մանր եղջերավոր անասունների մորթման, մորթազերծման և մսամթերքի մշակման ընթացքում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հետևանքով հիվանդացել են բրուցելյոզ հիվանդությամբ, որն ախտորոշվել է վերջիններիս արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքներով:

Նյութերով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիշյալ ընկերության առանձին աշխատակիցների կողմից խախտվել են սանիտարահակահամաճարակային կանոնները, ինչն առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում։

Նախապատրաստված նյութերով ապրիլի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, 18 անձ ճանաչվել է որպես տուժող։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել փորձաքննություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG