Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը երեկ ցավակցական գիր է հղել Եթովպիայի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Եթովպիայի պատրիարք և կաթողիկոս Աբունա Մաթիասին՝ Լիբիայում ծայրահեղականների կողմից եթովպացի քրիստոնյաների սպանության կապակցությամբ:
Վեհափառը Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից վշտակցություն է հայտնել Մաթիաս պատրիարքին և Եթովպիայի Ուղղափառ եկեղեցու հավատացյալներին:
«Այս օրերին, երբ մեր ազգը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և կոչ ուղղում միջազգային հանրությանը հաստատուն մնալ աշխարհում մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության գործում, խստագույնս դատապարտում ենք մեր քրիստոնյա եղբայրների զանգվածային սպանությունը և հորդորում բարի կամքի տեր բոլոր մարդկանց անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանխարգելելու նման հանցագործություններն ու ոճիրները», - Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցագրում:
«Իսլամական պետություն»-ը օրերս համացանցում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է ահաբեկչական խմբավորման կողմից Լիբիայում շուրջ երեք տասնյակ եթովպացի քրիստոնյաների զանգվածային սպանությունը՝ գլխատելով կամ գնդակահարելով: