Աշխարհում միջազգային քաղաքագիտական ամենահեղինակավոր հանդեսներից մեկը` Փարիզում հրատարակվող Politique Internationale («Միջազգային քաղաքականություն») հանդեսը 330-էջանոց՝ անգլերենով և ֆրանսերենով, հատուկ համար է նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ «Հայոց ցեղասպանություն. հարյուր տարի է անցել» խորագրով:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ, համարում տեղ են գտել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի «Այլևս երբեք», Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի «2015թ.` Ցեղասպանության 100-րդ տարելից», Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Հիշատակման պարտավորություն», Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի «Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը շարունակում է մնալ հրամայական» և Շառլ Ազնավուրի «Նրանք նահատակվեցին» հրապարակումները:
Ֆրանսուա Օլանդը իր հրապարակման մեջ, մասնավորապես, նշում է.- «Ժխտողականությունն անընդունելի է, քանզի այն իր մեջ վիրավորանք է պարունակում։ Օրենքը պետք է հասարակությանը պաշտպանի շահարկումներից։ Դա է Ֆրանսիայի դիրքորոշումը ժխտողականության վերաբերյալ․․․ Տարբերություն կա կարծիքների բախման և կեղծարարության, շահարկումների, մարդկության դեմ հանցանքի ժխտման միջև»։
Նիկոլա Սարկոզին գրում է. - «Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր իմ այցը կմնա իմ նախագահության ամենահուզիչ պահերից մեկը։ Փաստը, որ հայ ժողովուրդը վերապրեց այդ արհավիրքը և նորից ոտքի կանգնեց՝ ավելի հզոր ու զորեղ, դա նախևառաջ իր խիզախության և հանճարի շնորհիվ է»:
Politique Internationale-ի բացառիկ համարում հոդվածներով հանդես են եկել նաև Երուսաղեմի Հոլոքոսթի և Ցեղասպանության թանգարանի տնօրեն Իսրայել Չարնին (Իսրայել), Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հիմնադիր Ռոջեր Սմիթը (Կանադա), Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերշտայնը (Արգենտինա), միջազգային իրավունքի բնագավառում այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Ջեֆրի Ռոբերթսոնը (Ավստրալիա) և Ալֆրեդ դը Զայասը (Շվեյցարիա), թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն (Թուրքիա), ականավոր ցեղասպանագետներ Մարկ Լևինը (Մեծ Բրիտանիա), Անրի Թերիոն (ԱՄՆ), Յաիր Օրոնը (Իսրայել), Ուիլյամ Շաբասը (Մեծ Բրիտանիա), Իվ Տերնոնը (Ֆրանսիա), Թեսա Հոֆմանը (Գերմանիա):