Ապրիլի 15-ին ավարտվել են մայրաքաղաքի վարչական շրջաններով հոսող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն, գործընթացի հիմնական նպատակը գարնանային տեղումների, ինչպես նաև բարձրադիր գոտիների ձյան հալոցքի դեպքում հնարավոր հեղեղումներից խուսափելը ու ջրային զանգվածի անխոչընդոտ հոսքն ապահովելն էր: Մաքրման աշխատանքները կատարվել են նաև սանիտարահիգիենիկ նկատառումներով, քանի որ Ողջաբերդ և Գետառ գետերում չեզոքացվել է հատկապես ամռան ամիսներին հարակից բնակելի թաղամասերում տհաճ հոտի ու վարակների հնարավոր տարածման հավանականությունը:
Քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է մաքուր պահել գետերի ու ջրանցքների հարակից տարածքները և նախազգուշացնում. - «Այդ հատվածներում աղբ թափողների լուսանկարները կտեղակայվեն ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Բացի այդ, օրինախախտների նկատմամբ կկազմվեն վարչական արձանագրություններ, մեղավորներն անխտիր կտուգանվեն»: