Մատչելիության հղումներ

Թրայան Հրիսթեա․ Դիրքորոշումներն ավելի ու ավելի են մոտենում


Թրայան Հրիսթեա․ Դիրքորոշումներն ավելի ու ավելի են մոտենում
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00

«Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը վերականգնվել է», - մայիսին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան:

«Վիլնյուսից Ռիգա ընկած ժամանակահատվածում մեծ առաջընթաց ենք արձանագրել, դիրքորոշումներն ավելի ու ավելի են մոտենում», - նշեց նա:

Այս պահին Եվրամիություն - Հայաստան ապագա բանակցությունների շուրջ քննարկումներն ամփոփվել են: Ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, բանակցությունների սկիզբը սարերի հետևում չէ․ - «Չեմ կարծում, որ Ռիգայում մենք կունենանք համապարփակ փաստաթուղթ, բայց որ մոտավորապես կարող ենք պատկերացնել այն օրակարգը, որը կարող է հիմք հանդիսանալ ապագա իրավական նոր փաստաթղթի համար, կարծում եմ, արդեն իսկ տեսանելի է»:

Դեսպան Հրիսթեան պարզաբեց, թե ինչի շուրջ կարող են համագործակցել Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը․ - «Քանի դեռ բարեխիղճ կառավարումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, դատաիրավական բարեփոխումները, օրենքի գերակայությունը չեն հանդիսանում եվրասիական ինտեգրացիայի պաշտոնական մաս, Եվրամիության համար մեծ տեղ կա Հայաստանի հետ այս ոլորտներում համագործակցության համար»:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հավաստիացրեց․ - «Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն չի կարող խոչընդոտ լինել Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների զարգացման տարբեր սպեկտրներում: Եվ դրանք հակասությունների չեն կարող դիտվել, կամ գոնե Հայաստանը զերծ է պահելու իր օրակարգը հակասություններից»:

Եվրաինտեգրման կողմնակից, ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի համար հասկանալի է, թե ինչ կարող է տալ Եվրոպան Հայաստանին: Իսկ Հայաստանը պատրա՞ստ է այդ համագործակցության համար հրաժարվել կոռուպցիայից, բարեփոխել պետական համակարգը, ազատվել մենաշնորհներից: Այս հարցի պատասխանը, ըստ նրա, «այսօր չի երևում»․ - «Ինձ թվում է, ճիշտ ուղու վրա էինք մինչև սեպտեմբերի 3-ը: Դրանից հետո բոլորս գիտենք, թե այդպես կոչված որ միության, այդպես կոչված որ անդամն ենք դարձել»:

Քննադատություն հնչեց նաև Եվրոպայի հասցեին՝ կան հայտարարություններ, բայց քայլերը բավարար չեն:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քննադատեց Եվրամիության վերջերս հրապարակած զեկույցը, որտեղ նշված է, թե Հայաստանը 2014-ին «սահմանափակ առաջընթաց» է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում․ - «Ո՛չ մեծ, ո՛չ էլ սահմանափակ առաջընթաց չի գրանցվել: Եղել է հակառակը՝ բացարձակ հետընթաց: Որի ամենակարևոր վկայությունն է այն բռնությունների շղթան, որը տեղի ունեցավ անցյալ տարվա հոկտեմբերից սկսած: Ընդ որում, բռնությունների, կրիմինալ աշխարհի ճնշումների, տարբեր տեսակի քաղաքական հետապնդումների ենթարկվեցին բոլոր այն ուժերի ներկայացուցիչները, որոնց իշխող ռեժիմը ընկալեց որպես անմիջական վտանգ իր իշխանությանը»:

Քննարկման սրահից արդեն հեռացած Լևոն Զուրաբյանին հակադարձեց Թևան Պողոսյանը․ - «Մոտ տասը րոպե առաջարկություններ արեց Եվրամիությանը, բայց երբ որ եկել էր ժամանակը ԵՏՄ ընտրելու, չգիտեմ ինչի, կողմ էր քվեարկում»:

Արձագանքեց նաև Եվրամիության դեսպանը՝ ասելով․ - «Ներքին բանավեճի գործիչ չենք ուզում դառնալ: Այստեղ ենք աջակցելու և ոչ թե քաղաքական քննարկումների մասնակցելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG