Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ԵԽ պաշտոնական կայքէջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
Մուժնիեկսը գրում է, որ ապրիլի 24-ին նշվում է 100-ամյա տարելիցը այն օրվանից, երբ սկսվել են Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի զանգվածային սպանությունները, տեղահանությունները, ինչի արդյունքում Անատոլիայի հայերը գրեթե ամբողջությամբ բնաջնջվել են:
«Մարդու իրավունքների այս զանգվածային խախտումը և դրա ցավոտ ժառանգությունը մեծ ճեղքվածք են առաջացրել երկու հասարակությունների միջև, որը բյուրեղացել է դրանց՝ որպես ցեղասպանություն քաղաքական և իրավական գնահատման հարցի շուրջ», - հայտարարել է ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը:
«Հայերի սպանդը և տեղահանությունը Օսմանյան իշխանությունների կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտում էր», - ընդգծում է հանձնակատարը՝ հարց բարձրացնելով․ - «Արդյոք սա նախապատրաստողները և հենց հանցագործությունները դատապարտվո՞ւմ են, թե՞ անտեսվում են, արդարացվում և նույնիսկ, փառաբանվում»:
Միևնույն ժամանակ, Նիլս Մուժնիեկսը ողջունում է փոխըմբռնմանն ուղղված քաղաքացիական հասարակության բոլոր քայլերը: