Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ-ի պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) հանդիսավոր լիագումար նիստին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Շարմազանովը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է. - «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս երկուսի կապն առաջին հայացքից անտեսանելի է և անուղղակի է թվում, բայց պետք է նշեմ, որ 1915 թվականին հայ ժողովրդի միլիոնուկես զավակներ զոհ դարձան հենց այդպիսի նացիզմի և ֆաշիզմի: Թուրքիայի անպատժելիությունն էր, որ ծնեց Մուսոլինիի ֆաշիզմը և Հիտլերի նացիզմը: Սրա վառ օրինակը գերմանական ռազմական հրամանատարության առջև Հիտլերի հայտարարությունն էր. - «Ո՞վ է այժմ հիշում Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»: Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Գերմանիայի քաղաքականությունը երիտթուրքերի նացիզմի քաղաքականության շարունակությունն էր»:
«Հայրենական մեծ պատերազմը իրականում մեր ժողովրդի համար ևս մեկ փորձություն հանդիսացավ, հաղթանակի փորձություն, երբ հայերը, այլ ժողովուրդների հետ մեկտեղ պայքարելով ֆաշիզմի և նացիզմի դեմ, դիմակայեցին հենց այնպիսի չարիքի, որի զոհը դարձան Օսմանյան կայսրությունում», - հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահը: