Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Երևանում:
«Պուտինի և Օլանդի Երևանում գտնվելը համընկնում է, նրանք այնտեղ են լինելու միաժամանակ, այդ իսկ պատճառով բացառել նրանց շփումները հայկական կողմի պատրաստած ծրագրի «լուսանցքում» չի կարելի», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ֆրանսիայի արտգործնախարարությունը երկու օր առաջ հաստատեց, որ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին լինելու է Երևանում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ռուսաստանի նախագահի խոսնակը, մինչդեռ, անցած շաբաթ հայտարարել էր, որ Պուտինի ապրիլի 24-ին Երևան այցի հարցը «դիտարկվում է», և խոստացել, որ Կրեմլն այդ մասին «համապատասխան հայտարարություն» կանի: