Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) նորանշանակ ներկայացուցիչ Պասկալ Միշոյին:
Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նախարարը համոզմունք է հայտնել, որ կշարունակեն ընդլայնել ու զարգացնել գործընկերային հարաբերությունները, մասնավորապես, կազմակերպության կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի (2010-2016թթ.) շրջանակում:
Նախարարությունը տեղեկացնում է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից, ներկայումս օգտվում է ավելի քան 60 հազար աշակերտ։ Ծրագրի նպատակն՝ աշակերտներին ամենօրյա սննդարար կերակրով ապահովելն ու երեխաների առողջական վիճակի բարելավումն է:
«Այս ծրագիրը չափազանց կարևոր է մեր երկրի համար, հատկապես մարզային դպրոցների համար: Միաժամանակ մենք հետաքրքրված ենք, որպեսզի դպրոցական սնունդը պատրաստված լինի տեղական արտադրանքից, քանի որ այն առանձնանում է թե՛ համային, թե՛ որակական հատկանիշներով», - նշել է նախարարը:
Միշոն հույս է հայտնել, որ այս հարցում Գյուղատնտեսության նախարարությունը և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն աջակցություն կցուցաբերեն ծրագրի իրականացման ընթացքում: Այս կապակցությամբ ՊՀԾ ներկայացուցիչն հանդիպմանն առաջարկել է դպրոցական սննդի միջգերատեսչական հանձնաժողովի մեջ ընդգրկել նաև Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի:
Պատրաստակամություն հայտնելով օժանդակել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հաջող և արդյունավետ իրականացմանը` Սերգո Կարապետյանն առաջարկել է հնարավորության դեպքում ընդլայնել ծրագրի շրջանակները և ընդգրկել հանրապետության բոլոր մարզերը` առաջնահերթությունը տալով սահմանամերձ շրջաններին: