Ռուսաստանն աշխատանքային մի շարք արտոնություններ է տրամադրում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) աշխատանքային միգրանտներին, տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գորածակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիին։
Մոսկվայում տեղի ունեցած «Համագործակցությունը միգրացիոն ոլորտում։ Ժամանակակից միտումներ» կլոր սեղանի ընթացքում Ռոմոդանովսկին ասել է. - «Այն արտոնությունները, որ տրամադրվում են աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին՝ կեցության և գործունեության առումով, առավելագույն են։ Այսինքն՝ ո՛չ ԱՊՀ երկրների, ո՛չ արտասահմանյան գործընկերների հետ Ռուսաստանը երկկողմ ձևաչափով նման արտոնություններ չի սահմանել»:
Ըստ Ռոմոդանովսկիի, աշխատանքային միգրանտների համար վերացվել է աշխատանքի թույլատրման փաստաթղթերի ձևակերպումը, երկարացվել է միգրացիոն հաշվառման կանգնելու ժամկետը, նրանք բուժօգնություն են ստանում նույն պայմանով, ինչ Ռուսաստանի քաղաքացիները, և կարող են աշխատանքի անցնել ոչ միայն աշխատանքային, այլև քաղիրավական պայմանագրով։
ԵՏՄ-ն գործում է 2015 թվականի հունվարից։ ԵՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը։ Մայիսին անդամակցության պայմանագիր է պատրաստվում նաև Ղրղըզստանի հետ։