Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է «Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն» թեմայով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:
«Չափազանց խորհրդանշական է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովն անց է կացվում հենց Արցախում: Ուղիղ մեկ դար առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն ծրագրված և դաժանաբար իրականացված ցեղասպանության, զրկվեց պատմական հայրենիքի մեծ մասից և դարձավ տարագիր` սփռվելով աշխարհով մեկ: Մարդկության պատմության մեջ հայտնի այդ աննախադեպ Եղեռնը չստացավ արժանի գնահատական, ինչն էլ ծնեց նոր ոճրագործություններ», - Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Սահակյանը՝ շարունակելով․ - «1988-ին Սումգայիթում ու 1990-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը և արցախահայության դեմ սանձազերծված պատերազմը դրա վառ վկայությունն են: Սակայն այս անգամ մեր ժողովրդին բնաջնջելու հակառակորդի ծրագրերը դատապարտված էին ձախողման, քանզի դարավոր ցավն ու կորուստը ուժեղացրել էին հայի ազատատենչ ոգին, դարձրել նրան ավելի ամուր ու անսասան»:
«Համազգային միասնությունն ու համախմբվածությունը և հայոց անկախ պետականությունը դարձան մեր հաղթանակների գրավականն ու խորհրդանիշը, ինչը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես: Այս գիտակցությամբ ու համոզմունքով մենք կարողացանք դիմակայել թշնամուն, հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները և կառուցել երկու հայկական պետություններ, որոնք այսօր ձեռք ձեռքի կերտում են իրենց հուսալի ապագան», - , - ընդգծել է Լեռնային Ղարաբաղի նախագահը: