Մատչելիության հղումներ

Նեապոլում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող՝ խաչքար բացվեց


Լուսանկարը՝ նախագահականի

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցված եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խաչքարի բացման և Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի կապակցությամբ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է․ - «Ինձ համար շատ հուզիչ է, որ հենց հայոց առաջին քահանայապետն է Հայաստանից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս քաղաքի պահապան սուրբը, և որ մինչ օրս 16-րդ դարի այս հիասքանչ վանական համալիրը, հարակից փողոցն ու հրապարակը կրում են նրա անունը։ Սա վկայում է հայ և իտալացի ժողովուրդներին մերձեցնող խոր ու անքակտելի պատմական կապերի մասին, ինչում մեծ է նաև սուրբ Գրիգոր Հայի ավանդը: Եվ այն, որ այսօր՝ շուրջ հինգդարյա բացակայությունից հետո, նրա սուրբ մասունքները վերադարձվեցին իրենց նախնական մատուռ, մեծ խորհուրդ ունի»։

Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

«Րոպեներ առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս հրապարակում ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչված հայկական խաչքարի տեղադրումը եկավ լրացնելու Հռոմում, Միլանում, Պադուայում, Բարիում և աշխարհի տարբեր անկյուններում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների շարքը՝ որպես խոսուն վկա այն ոճրագործության, որ մեկուկես միլիոն անմեղ կյանք խլեց: Նրանցից շատերն այդպես էլ շիրիմ չունեցան, և հենց այս է պատճառը, որ նման հուշարձանների առավել կարևոր առաքելությունը նրանում է, որ դրանք դառնում են նրանց հիշատակի յուրատեսակ հանգրվան: Իսկ այս խաչքարի խորհուրդն ավելին է, քանզի դրա բնօրինակը նույնպես անխնա ոչնչացվել է՝ Նախիջևանի մնացյալ խաչքարերի շարքում՝ զոհ գնալով Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանությանը», - հայտարարել է Հայաստանի նախագահը՝ հավելելով․ - «Այս հանցագործություններն ունեն մեկ նպատակ՝ ոչնչացնել հազարամյա մշակույթներ, ջնջել ժողովուրդների հիշողությունը։ Իսկ մարդկային հիշողությունը հավերժ է այնքան, քանի դեռ առկա են այդ հիշողությունը կրողներն ու փոխանցողները»:

«Հայաստանին Իտալիայի և կաթոլիկ աշխարհի առաջնորդանիստ Սուրբ Աթոռի հետ միավորողը մարդասիրությունից սերող քրիստոնեական նույնակունք արժեհամակարգն է: Վաղը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից հայ հավատացյալների համար մատուցվելիք բացառիկ պատարագն ու դրա ընթացքում միջնադարյան մտքի հայ հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսի շնորհումը դրա վառ վկայությունն են՝ հաշվի առնելով, որ կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000-ամյա պատմության ընթացքում միայն 36 մեծագույն սուրբ և աստվածաբան են արժանացել այդ մեծագույն պատվին: Հայաստանը՝ որպես մշակութային արժեքների պահպանման իրական ջատագով, շարունակաբար ջանում է իր նպաստը բերել քրիստոնեական մշակույթի պահպանման ու տարածման վեհ գործին, և դրա դրսևորումներից է նաև այս վանական համալիրի բակում գտնվող՝ 17-րդ դարի շատրվանի վերանորոգումը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին անդրադառնալով՝ նախագահը հայտարարել է․ - «Սա հայ ժողովրդի և միջազգային հանրության համար կարևոր տարելից է ոչ միայն հետադարձ հայացք գցելու և պատմական փաստերը վերաիմաստավորելու, այլև նմանօրինակ հանցագործություններին «այլևս երբեք» ասելու համար: Այդ նպատակով մի քանի օրից՝ ապրիլի 24-ին, Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Ծիծեռնակաբերդի բարձունքում, հայ ժողովրդի կողքին են կանգնելու աննախադեպ թվով օտարերկրյա բարձրաստիճան այրեր, այդ թվում՝ եվրոպական երկրների նախագահներ: Բարձր ենք գնահատում, որ Իտալիան և Սուրբ Աթոռը նույնպես միացել են այս արհավիրքի դեմ միջազգային պայքարին՝ ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը»:

Միջոցառման ընթացքում հասարակական, քաղաքական, տնտեսական հատվածները ներկայացնող մի խումբ հայ և իտալացի գործիչների Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի պետական բարձր պարգևներ: Պարգևները շնորհվել են Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ կապերի ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների տարածման, հայ - իտալական մշակութային, բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայանպաստ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության բնագավառում և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

Հայաստանի նախագահին շնորհվել է Նեապոլ քաղաքի շքանշան, որը Սերժ Սարգսյանին հանձնել է քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG