Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Երևանն ու Հռոմը համագործակցության մեծ ներուժ ունեն և հույս է հայտնել, որ մոտ ապագայում իրավական հիմքեր կստեղծվեն երկու մայրաքաղաքների միջև կապերն առավել զարգացնելու և խորացնելու համար:
Անդրադառնալով հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին՝ նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 2000թ. Հռոմի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը:
Անդրադարձ է եղել նաև Իտալիայի հայ համայնքի գործունեությանը: ՀՀ Նախագահը, մասնավորապես, նշել է, որ Իտալիայի իշխանությունների և իտալացի ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը պատմության ընթացքում մեծ հաջողությունների են հասել իտալական հողի վրա՝ գիտության, արվեստի, սպորտի, գործարարության ոլորտներում` իրենց համեստ ներդրումն ունենալով նաև Իտալիայի բարգավաճման գործում:
Հռոմի քաղաքապետի հետ հանդիպումից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ դիտել է «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի 3000-ամյա պատմությունն ու Իտալիայում հայերի ներկայությունը փաստող մի շարք նյութեր։
Այսօր ՀՀ Նախագահը հարցազրույց է տվել նաև իտալական Corriere della seara օրաթերթին` պատասխանելով Հայոց ցեղասպանության ճանաչման և 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների, հայ-իտալական և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ և բազմաթիվ այլ հարցերի: