Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտե. Հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարբեր առարկաներ


ՀՀ քննչական կոմիտեի շենքը

Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների բնակարաններում և կազմակերպության գրասենյակներում կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարբեր առարկաներ։

«Հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ1» տեսակի մարտական նռնակ՝ իր պայթուցիչով, մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության և ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավելի մետաղյա և փայտյա ձողեր, մահակներ, մեկական կռփազենք և նունչագի, հինգ դանակ, երկու սուր, մեկ դաշույն, երկու էլեկտրաշոկ, ինչպես նաև՝ կապի միջոցներ, հակագազ և օդազտիչ դիմակ»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Տեղեկացվում է նաև, որ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։

Ըստ հաղորդագրության՝ քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հովհաննես Ղազարյանի, Արամ Հակոբյանի բնակության վայրերում, «Հիմնադիր խորհրդարան նախաձեռնության» Երևանի, Լոռու և Գյումրու մարզային գրասենյակներում, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միություն» ՀԿ գրասենյակում, ինչպես նաև՝ «Սարդարապատ» ՀԿ գրասենյակի ու դրա կարիքների համար օգտագործվող ավտոմեքենայում։

«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վարուժան Ավետիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG