Իտալիա պաշտոնական այցի շրջանակներում Հաայստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին, այնուհետև հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:
«Իտալիայի նախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը շարունակում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը և ավելացրել, որ այդ անդամակցությունը նաև նոր հեռանկարներ է բացում Հայաստան - Իտալիա հարաբերությունների զարգացման համար:
Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իտալիայի փոխգործակցությանը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ:
Հայաստանի նախագահի խոսքով, ներկա այցը բարեկամ Իտալիա հայ ժողովրդի համար կարևորագույն մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանություններն ու համայն հայությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, լավագույնս փաստում է մեր երկրի կողմից Իտալիայի հետ երկկողմ կապերին տրվող կարևորությունը։
Նախագահները քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը», - մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ: