Մատչելիության հղումներ

Առևտրային բանկերի վարկային պորտֆելները զգալիորեն նվազել են


Առևտրային բանկերի վարկային պորտֆելները զգալիորեն նվազել են
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

Պաշտոնական վիճակագրության համաձայն, հայաստանյան առևտրային բանկերի վարկային պորտֆելները զգալիորեն նվազել են, տոկոսադրույքները՝ աճել։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա փետրվարին հունվարի համեմատ վարկերի տոկոսներն ավելացել են երկու կետով։

Ավելի քան 23 միլիարդ դրամով պակասել են վարկային ներդրումները, աճել է ժամկետանց վարկերի ծավալը։ ՎՏԲ բանկի իրավաբանական վարչության պետի տեղակալ Միհրան Խաչատրյանը հաստատում է, որ այսօր վարկերի տրամադրման հարցում սահմանափակումներ կան։

«Խստացումները ընդհանուր առմամբ կատարված են բոլոր վարկատեսակների համար, նման իրավիճակում էլ ավելի խորն ենք փորձում ուսումնասիրել, գնահատել ռիսկերը՝ վարկերը տրամադրելուց»,- ասաց Խաչատրյանը։

«Ֆինկա» վարկային կազմակերպության ղեկավար Հրաչյա Թոխմախյանի խոսքով, իրենք ստիպված են եղել բարձրացնել վարկերի տոկոսադրույքները՝ տնտեսական իրավիճակի պատճառով։

«Այն բոլոր միջազգային կառույցները, որոնք մեզ տրամադրում են դրամով ֆինանսավորում, բարձրացնում են դրամի գինը, որովհետև ակնկալում են, որ արտարժույթի տատանումների դեպքում ավելորդ ռիսկեր կկրեն, հետևաբար տոկոսի բարձրացմամբ փորձում են որոշակի չափով կառավարել իրենց ռիսկերը»,- փոխանցեց վարկային կազմակերպության ղեկավարը։

Մոտ տասը տարի գործող վարկային կազմակերպությունում այս պահին 1 օրից ավելի ժամկետանց վարկերը կազմում են 2.3 տոկոս, ինչը ընկերության պատմության մեջ վատագույն ցուցանիշն է։ Վարկի մարման ուշացումը Թոխմախյանը կապում է նաև Ռուսաստանից եկող տրանսֆերտների նվազման ու ռուբլու արժեզրկման հետ։

«Եթե տրանսֆերտները չեն գալիս, Ռուսաստանից եկող փողը քչանում է, դրան գումարած եկած փողն էլ իր արժեքով պակասում է, դա ազդում է տնտեսական ակտիվության վրա, հետևաբար նաև ձեռնարկատերերի, վաճառքի, շրջանառության, մարդկանց վճարունակության վրա է ազդում»,- ասաց Թոխմախյանը։

Բանկերն այսօր հատկապես խնդիր ունեն դրամային վարկերի հետ, ասում է «168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանն ու հավելում, որ մեծ է նաև տնտեսական գործոնը, վարկառուները չեն կարողանում ժամանակին մարել վարկերը։

«Բանկը, իր ռիսկերը ծանրութեթև անելով, եթե առաջ 100 վարկառուից 50-ին էր մերժում, այսօր կարող է մերժել 60-ին կամ 70-ին։ Այսինքն վարկավորում կա, բայց տեմպերը քիչ են։ Վարկային պորտֆելի թուլանալը նշանակում է, որ բանկերը այսօր ավելի շատ իրենց տված վարկերն են հետ վերցնում, քան փող են ներդնում տնտեսության մեջ։ Տնտեսության մեջ վարկային միջոցների դերակատարությունը գնալով նվազում է»,- ասաց տնտեսական մեկնաբանը։

Խնդիրները, որոնց պատճառով առկա են տնտեսական դժվարությունները, չեն լուծվում, իրավիճակն էլ ավելի է վատանում, ինչի մասին վկայում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումները տնտեսական աճի վերաբերյալ, ասում է Թունյանը։

«Քայլեր էլ չեն կատարում, որ գոնե հույս ունենանք, որ այդ խնդիրները կլուծվեն։ Այսինքն պատճառները առկա են և շարունակում են ազդեցություն թողնել, ձնագնդի էֆեկտով մեծանալ։ Տրանսֆերտները շարունակելու են քչանալ, սպառումը նվազելու է, բերելու է գործազրկության աճի և ընդհանուր տնտեսական ակտիվության նվազման։ Սա հոռետեսություն չէ, սա ուղղակի իրատեսական գնահատական է»,- շեշտեց տնտեսագետը։

Կենտրոնական բանկը վարկավորման հետ առաջացած խնդիրները բացատրում է անցած տարեվերջին արժութային շուկայում տեղի ունեցած զարգացումներով, որոնք ստիպեցին առևտրային բանկերին վերագնահատել ռիսկերը՝ դառնալով առավել պահպանողական։ Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկը պնդում է, որ առևտրային բանկն իրավունք չունի բանավոր մերժել վարկ ստանալու դիմումը։ Վարկի մերժման գրավոր հիմնավորում չստանալու կամ գրավոր մերժման հիմքերը բավարար չհամարելու դեպքում Կենտրոնական բանկը հորդորում է բողոք ներկայացնել կամ զանգահարել թեժ գծին։

XS
SM
MD
LG