Մատչելիության հղումներ

Ոստիկանները հայտնաբերել են կեղծ թղթադրամներ. կան ձերբակալվածներ


Հայկական դրամներ, արխիվ

Երեկ ժամը 15-ի սահմաններում ոստիկանները կեղծ թղթադրամ պատրաստելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Արցախի փողոցից բերման են ենթարկել Տիգրան Եգանյանին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 205 հատ 10 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ, տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը՝ նշելով, որ Եգանյանը խոստովանել է՝ նախկինում պատրաստել և իրացրել է կեղծ մետաղադրամներ:

«Նրա մատնանշած վայրից հայտնաբերվել է մի ամբողջ ընդհատակյա դրամահատարան՝ ինքնաշեն դրամահատ սարք, մասամբ պատրաստի մետաղադրամներ, կշռաքարեր, հումք, պարագաներ, որոնք անհրաժեշտ էին կեղծ դրամների արտադրություն ապահովելու համար։ Եգանյանի բնակության վայրում հայտնաբերվել են՝ 236 հատ 1000 դրամ անվանական արժեքով պատրաստի կեղծ թղթադրամներ, 153 հատ Ա-4 ֆորմատի թղթի վրա չորսական տպագրված 1000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամի օրինակներ, նույնպիսի թղթի վրա՝ երեքական տպագրված 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամների օրինակներ և թղթադրամները կտրելու պարագաներ», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում։

Ոստիկանները նույն օրը բերման են ենթարկել նաև Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Ավետյանին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով՝ խոշոր չափերով կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, ինչի համար սահմանված է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նշանակվել են դատանյութագիտական փորձաքննություններ: Շարունակվում են միջոցառումները մասնակից այլ անձանց հայտնաբերելու, կեղծ դրամներն իրացնելու վայրերը պարզելու ուղղությամբ։ Տիգրան Եգանյանն ու Տիգրան Ավետյանը ձերբակալված են: Կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG