Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Իտալիա և հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
Այցի շրջանակներում ապրիլի 10-ին Սարգսյանը կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սարգսյանը ապրիլի 11-ին ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցվելիք եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը:
«Իտալիայում նախատեսված է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը միջազգային կազմակերպություններից մեկի՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ:
Հանրապետության նախագահն ապրիլի 12-ին կայցելի Վատիկան, որտեղ կմասնակցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: