Ապրիլի 8-10-ը Հայաստանի կրթության և գիտության նախարար (ԿԳՆ) Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգտնվի Ավստրիայում:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են` Երևանի պետական համալսարանի ռեկտոր (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը,ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը և ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: Այցի ընթացքում Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Ավստրիայի կրթության և կանանց հարցերի դաշնային նախարար տիկին Հայնիշ Հոզեկի հետ:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարարության միջև կստորագրվի կրթության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Այցի երկրորդ օրը նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար, Հայ-ավստրիական առևտրատնտեսական հանձնաժողովի համանախագահ Բեռնադետ Գիրլինգերի և Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար Էլմար Փիխլի հետ: