Մատչելիության հղումներ

Միջազգային դաշինքը պահանջում է ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին


Սպորտի և իրավունքների պաշտպանության դաշինքը մինչև Եվրոպական խաղերի մեկնարկը Բաքվին կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալներին։

«Իրավունքների ոտնահարման դեպքերը կվնասեն առաջիկա Եվրոպական խաղերին, եթե Եվրոպայի ազգային օլիմպիական կոմիտեներն Ադրբեջանի կառավարությանը կոչ չանեն ազատ արձակել ձերբակալված լրագրողներին ու ակտիվիստներին»,- ասված է Սպորտի և իրավունքների պաշտպանության դաշինքի այսօր տարածած հայտարարությունում։

Ադրբեջանական contact.az կայքը հիշեցնում է, որ հունիսի 12-28-ը Ադրբեջանում սպասվող Եվրոպական խաղերին հրավիրված է 6000 մարզիկ՝ 50 երկրից, Օլիմպիական շարժման հովանու ներքո:

«Եվրոպական օլիմպիական կոմիտեն այդ խնդիրները նախագահ Ալիևի առաջ բարձրացնելու յուրահատուկ հնարավորություն ունի»,- ասել է Amnesty International-ի ներկայացուցիչ Էդուարդ Նազարսկին:

Contact.az-ը հիշեցնում է, որ Սպորտի և իրավունքների պաշտպանության դաշինքը ստեղծվել է վերջերս՝ Amnesty International-ի, Human Rights Watch-ի, FIFPro-ի (Եվրոպայի ֆուտբոլի երկրպագուների միություն) Transparency International-ի մասնակցությամբ: Դաշինքի ղեկավար Պատրիկ Հիքքին Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահին հղած իր նամակում կոչ է արել դատապարտել Ադրբեջանում կառավարության քննադատների նկատմամբ ճնշումները:

Առաջատար լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունները, ԶԼՄ-ների, իրավապաշտպան խմբերի և այլ ակտիվիստների մշտական ճնշումները չեն համապատասխանում Օլիմպիական խարտիայի սկզբունքների հետ, նաև ասվում է նամակում: Նման իրավիճակը կարող է բացասաբար ազդել Բաքվում խաղերը լուսաբանող հազարավոր լրագրողների աշխատանքի վրա: Այդ կապակցությամբ՝ Դաշինքը Եվրոպայի Օլիմպիական կոմիտեին կոչ է արել պաշտոնական Բաքվից պահանջել մինչև հունիսի 12-ը անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր լրագրողներին և իրավապաշտպաններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG