Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Ա. Մանուկյանի առևանգման մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Մանուկյանը ապրիլի 1-ին գրավոր հաղորդում է ներկայացրել, որ փետրվարի 6-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում գտնվող սրճարանի մոտից իրեն առևանգել են և 22 օր պահել Կիլիկիա թաղամասում գտնվող տաքսի ծառայության նկուղային հարկում:
Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում ապրիլի 2-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ», որով սահմանված է 4-ից մինչև 8 տարվա ազատազրկում:
Նախաքննության ընթացքում Մանուկյանը ճանաչվել է տուժող: Ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա քաղաքացի Կ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: