Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը «Հարսնաքար»-ում խնջույքի վրա 9 միլիոն է ծախսել


Քաղաքապետարանը «Հարսնաքար»-ում խնջույքի վրա 9 միլիոն է ծախսել
please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00

Ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը սա համարում է «խրախճանք ժանտախտի ժամանակ»։

Երևանի քաղաքապետարանից չեն հերքում. 2014 թվականի ապրիլի 7-ին «Հարսնաքար» ռեստորանում խնջույք են անցկացրել ու ծախսել 9 միլիոն դրամ (մոտ 19 հազար դոլար)։

«Ազատության» հարցմանը, թե քանի մարդ է մասնակցել խնջույքին, քաղաքապետարանի լրատվության վարչությունից չպաստախանեցին, փոխարենը տեղեկացրին, որ ապրիլյոթյան միջոցառմանը հրավիրված են եղել քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ 9 միլիոնը պլանավորված է եղել բյուջեով՝ ներկայցուցչական ծախսեր ընդհանուր բաժնում։

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Ստեփան Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ խնջույքի մասին իրենք չեն իմացել, ոչ էլ հրավիրված են եղել։

«Բնականաբար, չես էլ կարող վերահսկել, որովհետև բյուջեում, ծախսեր նախատեսելիս, եթե անգամ դրանք գրված են ներկայացուցչական, կամ չգիտեմ ինչ ծախսեր, չես կարող հասկանալ, որ դրա մեջ մտնում են նաև ռեստորանում խնջույքը, որին կարող են մասնակցել քաղաքապետարանի կամ վարչական շրջանների աշխատակիցներ», - ասաց Սաֆարյանը։

Այս տարի, այնուամենայնիվ, Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը 9 միլիոն դրամ ապրիլի 7-ի համար չի նախատեսել, պնդում է լրատվության վարչությունը։ Բայց նաև չի թաքցնում՝ Ամանորին էլ խնջույք են արել։

«Հետք» պարբերականը մարտին հրապարակված հոդվածում գրել էր, որ, իրենց աղբյուրների փոխանցմամբ, Երևանի քաղաքապետարանը իր խնջույքները հիմնականում կազմակերպում է հենց «Հարսնաքար» ռեստորանում։ Քաղաքապետարանի աշխատակիցների ամանորյա խնջույքի ֆեյսբուքյան check in-ները, տեղանքի նշումները վկայում են՝ քաղաքապետարանի ամանորյա կորպորատիվն էլ նույն ռեստորանում է անցկացվել, թե այդ անգամ «Հարսնաքար»-ի հաշվին որքա՞ն է փոխանցվել, մեզ չհաջողվեց պարզել։

«Որքա՞ն հաճախակի է, կամ որքա՞ն պարբերական է դա, և ինչո՞վ է պայմանավորված քաղաքապետարանի մշտական համագործակցությունը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հետ, չեմ կարող ասել, և թերևս դրա բացատրությունը տա քաղաքապետարանը», - ասաց Սաֆարյանը։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ հենց «Հարսնաքար» և ո՞ւմ ճաշակով, քաղաքապետարանի լրատվության վարչությունից պատասխանեցին, որ հարցը հռետորական է, չեն պատասխանի։

Հանուն պատշաճ տրասպորտային համակարգի, քաղաքապետարանի մոտ շաբաթներով նստացույց անցկացրած ակտիվստ Վահագն Մինասյանի խոսքով, քաղաքապետարանի՝ «Հարսնաքար»-ում խնջույքներ անցկացնելու պատճառն այն է, որ ռեստորանի սեփականատերը քաղաքապետի մտերիմ՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքն է։

Ակտիվստը դեմ չէ, որ քաղաքապետարանի աշխատակիցները խնջույքներ անեն, բայց ոչ ընկեր-բարեկամների ռեստորաններում։

«Հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը, հանրության ծանր սոցիալական կացությունը, կարելի է շատ սահմանափակ և հետաքրքիր ձևով կազմակերպել, պարտադիր չէ իրենց օլիգարխ ընկերների գրպանը լցնել», - ասաց Մինասյանը։

Ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանն էլ դեմ չէ խնջույքներին, բայց բյուջեից 9 միլիոն խնջույքի վրա ծախսելը նա համարում է «խրախճանք ժանտախտի ժամանակ»։

Քաղաքի խնդիրները Ստեփան Սաֆարյանից բացի լավ գիտի տնտեսագետ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ Ըստ նրա, քաղաքային տնտեսությունը գնալով մաշվում է։ Մաշվում են վերելակներն ու տրանսպորտային միջոցները, քաղաքում կան բազմաթիվ խորհրդային տարիներին՝ ընդամենը մի քանի տասնյակ տարվա շահագործման համար կառուցված շենքեր, որոնք արդեն պետք է քանդված ու նորերով փոխարինված լինեին։

«Փաստը մնում է փաստ, որ Երևանում խնդիրներ կան, որոնք չեն լուծվում՝ տրանսպորտի խնդիրը չի լուծվում, բնակֆոնդի, վերելակների, կանաչ տարածքների...», - ասաց Խաչատրյանը։

«Երևանի կանանց խնջույքի կարելի է հրավիրել, բայց նրանք ավելի երջանիկ կլինեին, եթե կռացած չերթևեկեին տրասպորտում, կամ վերելակ նստելիս վստահ լինեին, որ այն չի պոկվի, ինչպես տեղի ուենցավ վերջերս՝ Աջափնյակ համայնքում», - ասաց Խաչատրյանը։

Տեղի ունեցած ողբերգությունից հետո, քաղաքապետարանից հայտնեցին, որ վերելակներ փոխելու համար բյուջեով նախատեսված գումար չկա։

«Պատասխանը, որ տրվում է, որ դա համատիրությունների խնդիրն է, այդպես չէ, որովհետև դրա պատասխանատվությունը հենց ինքը՝ քաղաքային իշխանությունն է, և այդ վերելակները այն վիճակով չեն տրվել, ասենք, համատիրություններին, որ դրանք կարելի էր 15 տարի ծառայեցնել՝ առանց որևէ գումար ծախսելու։ Դրանք արդեն իրենց բոլոր ժամկետները սպառել են, դրանք ուղղակի պետք է հանվեն», - ասաց Խաչատրյանը։

«Քաղաքային բյուջեի սուղ միջոցները կարելի է շա՛տ ավելի արդյունավետ ծախսել», - պնդեց տնտեսագետը՝ հավելելով, որ նվազագույնը, որ Տարոն Մարգարայնը պետք է արած լիներ մինչև հիմա տրանսպորտի հարցը լուծելն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG