Մատչելիության հղումներ

Երևանում 2000 վերելակ առանց պարտադիր տեխնիկական փորձաքննության է շահագործվում


Անցած տարի Երևանում գրանցված 5213 վերելակների մոտ կեսն է փորձաքննություն անցել, ընդ որում 109-ին տրվել է բացասական եզրակացություն, շուրջ 1500-ի մոտ էլ թերություն է հայտնաբերվել:

Մայրաքաղաքում մոտ 2000 վերելակ այսօր շահագործվում է առանց պարտադիր տեխնիկական փորձաքննություն անցնելու:

Արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը «Ազատությանը» փոխանցեց, որ անցած տարի Երևանում գրանցված 5213 վերելակների մոտ կեսն է միայն փորձաքննություն անցել, ընդ որում, 109-ին տրվել է բացասական եզրակացություն, շուրջ 1500-ի մոտ էլ թերություն է հայտնաբերվել: Նախարարությունը չի կարող երաշխավորել՝ այդ թերությունները շտկվել են, թե ոչ:

«Օրինակ, Դավիթաշեն համայնքում 356 վերելակից անցել է ընդամենը 92, Ավանում՝ 308-ից 91-ը։ Վատ վիճակի մեջ են Ավան, Դավիթաշեն համայնքները, ինչ-որ չափով Արաբկիրը։ Կենտրոնում շուրջ 62 տոկոսը անցել է փորձաքննությունը։Ես կարող եմ ասել, որ բացասական եզրակացություն ստացած 109 վերելակները իրավունք չունեն շահագործելու, պետք է դադարեցվի շահագործումը։ Մնացածներն էլ, եթե չունեն դրական եզրակացություն, ապա իրենցից վտանգ են ներկայացնում»,- փոխանցեց պաշտոնյան։

Իսկ այն, որ դրանք դեռ շահագործվում են, վտանգելով մարդկանց կյանքը, համոզվեցինք մի քանի օր առաջ, երբ Աջափնյակ թաղամասում վերելակը պոկվեց՝ դառնալով երիտասարդ կնոջ մահվան պատճառ: Սա հենց տեխսպասարկում չանցած 2000 վերելակներից մեկն էր: Հարուցվել է քրեական գործ: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալը փոխանցեց, որ հիմա տեխնիկական քննություն է իրականացվում, արդյունքները պարզ կլինեն 4 օրվա ընթացքում:

«Նախնական տեղեկություններով, խցիկի վրայից, որտեղ ճոպանները ամրանում են, այդ հանգույցն է պոկվել»,- ասաց Հովսեփյանը։

Երևանի շենքերում խորհրդային տարիներից մնացած վերելակները պարբերաբար նորոգող վարպետները վստահեցնում են՝ եթե պատշաճ վերահսկողություն լինի, հնարավոր է դժբախտ պատահարներից խուսափել:

Նախարարությունը առանց տեխզննման կամ բացասական եզրակացությամբ շահագործվող վերելակների պատասխանատվությունը դնում է համատիրությունների, շենքերի լիազորների, վերելակը սպասարկող ընկերությունների վրա:

Պոկված վերելակի շենքի լիազոր Աշոտ Հայրապետյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ամեն ամիս բնակիչները 21 հազար դրամ են վճարել «Աջափնյակ վերելակ» ընկերությանը՝ վստահ լինելով, որ վերելակը բարձիթողի վիճակում չէ:

«Առավոտը երկու անգամ ես իջա-բարձրացա, հետո էրեխես երկու անգամ հացի, կինս դրանից կես ժամ առաջ էր բարձրացել, իջել, բոլորն էլ հարվածի տակի կարող էին ընկել»,- ասաց Հայրապետյանը։

«Աջափնյակ վերելակ» ընկերության ղեկավար Վարդան Զաքարյանը նույնպես վստահեցնում է, որ 2009-ից ի վեր վերելակը ոչ մի օր չի կանգնել: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ անցած տարի անհրաժեշտ տեխսպասարկում չի անցել, Զաքարյանը պնդեց՝ իրենք դրա համար պատասխանատու չեն, և այդ 21 հազար դրամի դիմաց ընդամենը վերելակի հին մասերը փոխարինում են նորերով:

Բարձրահարկ շենքերում արված մեր հարցումներն էլ ցույց տվեցին, որ այսօր շատերն են վախենում օգտվել վերելակներից: Ընդ որում գրեթե բոլորը պնդեցին, որ ամեն ամսի համատիրությանն վարձից բացի առանձին գումար էլ վերելակի անխափան աշխատանքի համար են վճարում:

Ի վերջո ումի՞ց կարող է օրինապահ քաղաքացին անվտանգություն պահանջել: 40 տարուց ավելի շահագործվող վերելակները նորերով փոխարինելու հարցն այսօր դուրս է քաղաքապետարանի բյուջեից: Ասում են՝ համապատասխան գումար չունեն: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ընդամենը հորդորում է բնակիչներին սեփական նախաձեռնությամբ այս հարցը լուծել, ստիպել համատիրության աշխատակիցներին պարբերաբար վերելակը պարտադիր տեխզննման ենթարկել:

«Բնակիչները պետք է պարտավորեցնեն, որպեսզի համատիրության նախագահները ապահովեն դա»,- ասում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG