Իրաքի վարչապետը հայտարարել է, թե քանի դեռ «Իսլամական պետությունը» օտարերկրյա զինյալների է զինվորագրում, խմբավորմանը հնարավոր չի լինելու հաղթել:
Հայդար ալ-Աբադին գերմանական Der Spiegel պարբերականի հետ զրույցում ասել է, որ «Իսլամական պետության» զինյալների մոտ 57 տոկոսը իրաքցիներ են, բայց նրանք լուրջ դիմադրություն ցույց չեն տալիս Իրաքի կանոնավոր բանակին:
«Այն մնացյալ 43 տոկոսը կազմող օտարերկրյա զինյալներն են, որոնք գաղափարապես մշակվել են՝ ուղեղի լվացում են անցել, և մեջքները պատին դեմ տված դիմադրում են», - պատմել է Իրաքի վարչապետը ու կարծիք հայտնել, թե քանի դեռ օտարերկրացի զինյալների հոսքը շարունակվում է, տարածաշրջանի ոչ մի բանակ չի կարողանա դիմագրավել «Իսլամական պետությանը»:
Աբադին վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ երիտասարդներին «Իսլամական պետության» պրոպագանդայից պաշտպանելու համար այնպես, ինչպես դա արվում է մանկական պոռնոգրաֆիա տարածող ցանցերի պարագայում: