Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր շրջայց է կատարել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, ծանոթացել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ 108 հա տարածքում իրականացվող բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքին։
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունը,համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում իրականացվում են ճեմուղիների քայքայված հատվածների վերականգնման, ոռոգման և գազաբաշխիչ ցանցերի խողովակների ներկման, անտառպուրակային հատվածի մաքրման, կանաչ տարածքների ճմապատման, սիզամարգերի թարմացման ու ծաղկապատման աշխատանքներ: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ արդեն իսկ ամբողջությամբ վերակառուցվել ու թարմացվել է Ծիծեռնակաբերդի խճուղուց հուշահամալիր բարձրացող մայր ճանապարհը և Մարզահամերգային համալիրից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհահատվածը, արդիականացվել է արտաքին լուսավորության համակարգը, կառուցվել են թեքահարթակներ։ Շրջայցի շրջանակում քաղաքապետին են ներկայացվել նաև հուշահամալիրի տարածքում տեղադրված 21 նոր ցայտաղբյուրները: