Մատչելիության հղումներ

Իրանագետ. «Սառույցը հալվեց, բայց գարուն դեռ չկա»


Իրանագետ. Սառույցը հալվեց, բայց գարուն դեռ չկա
please wait

No media source currently available

0:00 0:03:33 0:00

Վարդան Ոսկանյանի խոսքով, Իսլամական հեղափոխությունից հետո ճեղքվեց անվստահության մթնոլորտը Իրանի և Արևմուտքի միջև։

Տոնական վերջին օրն այստեղ անցկացնող իրանցիները՝ Երևանով տարված, առավոտյան նոր իմացել էին լուրը: Եթե պատժամիջոցները վերանան, հաջորդ Նովրուզին գուցե կարողանան Եվրոպա էլ մեկնել։

Նշենք, որ Իրանի և վեց գերտերությունների միջև Շվեյցարիայի Լոզան քաղաքում ութ օր տևած բանակցություններից հետո երեկ կողմերը կարողացան համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, և մինչև հունիսի 30-ը պետք է ստորագրվի վերջնական համաձայնագիրը: Առաջիկայում այդ ծրագրի մասշտաբները կրճատվելու են, փոխարենը աստիճանաբար հանվելու են Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները:

«Իսկապես շատ ուրախացանք, բարելավվում են մեր հարաբերություններն աշխարհի հետ, ու, բնականաբար, ավելի հանգիստ կապրենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նովրուզը Հայաստանում նշող իրանցիներից մեկը։

«Ազատության» մեկ այլ զրուցակցի խոսքով, սա Նովրուզի նվերն էր։ Ասաց՝ զգացողություն է՝ կարծես նոր պետություն են տեսնելու։ «Շատ ուրախալի տեղեկություն լսեցինք: Եթե պատժամիջոցները հանվեն, մեր դժվարություններն էլ մեծամասամբ կվերանան, նաև խաղաղ կապրենք», - ասաց իրանցին։

Ռուբիկ Մինասյանը մինչև ուշ գիշեր շունչը պահած հետևել է՝ ինչ են որոշելու գերտերությունների ներկայացուցիչները Լոզանում։ Ութ օրվա փակ բանակցություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունը «Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայության լրագրողը որակում է պատմական։ «Իրանի նորագույն պատմության մեջ էսպիսի մերձեցում մինչև այսօր չի եղել, և սա ցույց է տալիս, որ սա նաև Իրանը ինչ-որ չափով իրա գիծը փոխում է դեպի Եվրոպա, այսինքն՝ արդեն ավելի քիչ Ռուսաստանի կարիքը կունենա, Ռուսաստանի դերը տարածաշրջանում ավելի կնվազի», - ասաց Մինասյանը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի լավատեսությունը զգուշավոր է․ - «Իսլամական հեղափոխությունից հետո ճեղքվեց անվստահության մթնոլորտը, Իրանի և Արևմուտքի միջև, սառույցը հալվեց, բայց գարուն դեռ չկա»։

«Սատանան շատ դեպքերում հենց դետալների մեջ է, և ինչքանո՞վ կհաջողվի այդ բոլոր խոչընդոտները հաղթահարել, դա թերևս պարզ չէ, ըստ իս, նաև նույնիսկ հիմա բանակցող կողմերին», - ասաց Ոսկանյանը։

Ի՞նչ հեռանկար կարող է բացվել Հայաստանի առջև, որն այսօր նույնիսկ չի օգտվում իրանական գազից: Փաստելով, որ դաշնակից ռուսական տնտեսությունը քայքայվում է պատժամիջոցներից, Ռուբիկ Մինասյանը համոզված է՝ հարևան Իրանը կարող է Երևանի համար փրկօղակ դառնալ։

«Շատ օգուտներ կարող է քաղի, բայց եթե մեր իշխանությունները իսկապես ուզենան Ռուսաստանի լծից, այսպես ասենք, մի քիչ ազատվել, կարող ենք լինել գազի տարանցման երկիր դեպի Եվրոպա, որովհետև հիմա Իրանն արդեն կդիտվի Ռուսական գազի այլընտրանք աշխարհի համար», - ասաց Մինասյանը։

Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկանն էլ է համոզված՝ օգուտներ կարող են լինել, բայց հակառակն էլ բացառված չէ։ «Աշխարհի համար բացված Իրանը մի՞գուցե ավելի քիչ ուշադրություն դարձնի հյուսիսային ցամաքային սահմանին, Հայաստանը որոշակիորեն կարող է դուրս գալ իրանական ուշադրությունից», - ասաց փոխդեկանը։

Դատելով թեկուզ Թեհրանի փողոցներում խանդառավությունից, այնտեղ ապրող իր ընկերների ոգևորությունից, պարսկական ծառայության լրագրողը կարծում է, որ աշխարհի հետ ազատ առևտուրը, Արևմուտքի հետ մերձեցումը պահպանողական Իրանում նաև հող են ստեղծելու քաղաքական ազատությունների համար։ «Ավելի բաց երկրի հեռանկար կա Իրանի համար», - ասաց Մինասյանը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ, երեկվա համաձայանությամբ՝ Թեհրանը պահպանեց միջուկային ծրագրի իր իրավունքը, Արևմուտքը զիջումներ ստացավ, վերջնահաշվարկում Իրանը կդառնա միջազգային ընտանիքի լիիրավ անդամ, իսկ գաղափարական փոփոխություններն այնտեղ արդեն սկսվել են։ «Իսլամական հեղափոխության առաջին տարիների հետ համեմատած ներկայիս Իրանը բավական փոփոխված մի Իրան է, և մարդկանց ընկալումներում էլ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել», - ասաց Ոսկանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG