Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է պայմանավորվածությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ


Հայաստանը ողջունում է պայմանավորվածությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00

«Հայաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը», - բանակցությունների ավարտից ժամեր անց հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:​

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում նաև կարդում ենք․ - «Շրջանակային պայմանավորվածությունը կնպաստի տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը: Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով»:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հայաստանը վաղուց էր սպասում սրան․ - «Մենք Իրանի հետ ունենք բազմաբնույթ հարաբերություններ, բայց պատժամիջոցները սահմանափակում էին նաև մեր հարաբերությունները Իրանի հետ: Եվ ընդհանուր առմամբ միջուկային ծրագրի շուրջ կողմերի համաձայնությամբ ընդհանուր հայտարարի գալը շատ կարևոր է: Որը կնպաստի ոչ միայն կոնկրետ Հայաստան - Իրան առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, այլ նաև կարևոր դեր կարող է կատարել տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցում»:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը ողջունել է նաև Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը: «Համոզված ենք, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին», - «Մեդիամաքս»-ին ասել է Կարեն Միրզոյանը:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պայմանավորվածությունը, բնականաբար, դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա, և վստահսւթյուն հայտնեց, որ առաջիկայում հայ-իրանական քաղաքական ու տնտեսական կապերը է՛լ ավելի կխորանան․ - «Եվ ուրեմն, եթե իրավիճակը, հարաբերությունները Արևմուտք - Իրան բարելավվեն, դա արդեն լավ հնարավորություններ կտա նաև Հայաստանի հետ հարաբերությունները ավելի խորացնելու, տարածաշրջանային որոշ նախաձեռնություններ միասնաբար առնելու»:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ թեև վերջնական պայմանավորվածություն չի կայացել, սակայն ձեռք բերվածը դրական անդրադարձ կունենա տարածաշրջանային կայունության և Հայաստանի վրա:

«Կարծում եմ, որ նախկինում էլ մենք, չնայած սահմանափակումներին, կարող էինք ավելի արդյունավետ կերպով զարգացնել մեր համագործակցությունը Իրանի հետ: Այսօր կարծես այդ խոչընդոտն էլ վերանալու ճանապարհին ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցությունը՝ ողջունելով «ձեռք բերված պատմական համաձայնությունը»․ - «Համաձայնության արդյունքում բացառիկ հնարավորություն է ընձեռվել տարածաշրջանում երկարատև խաղաղության և համագործակցության ուղղությամբ իրականացնելու բազմաբնույթ նախագծեր: Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ևս պետք է մասնակից դառնա տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներին, որոնք ուղղված են ավտանգության ամրապնդմանն ու տնտեսական ծրագրերի կենսակոչմանը»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, եթե այս ամենի արդյունքում տարածաշրջանում Հայաստանի դիրքերը ամրապնդվեն, դա ազդակ կհանդիսանա, որ Թուքիան վերանայի հարաբերությունները Հայաստանի հետ:

«Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները սովորաբար սահմանափակվում էին Ռուսաստանի կողմից, սակայն Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն օգտագործել այս հնարավորությունը և թուլացնել ռուսական ազդեցությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիրակոսյանը:

Իրանի և վեց գերտերությունների միջև Շվեյցարիայի Լոզան քաղաքում ութ օր տևած բանակցություններից հետո երեկ կողմերը կարողացան համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, և մինչև հունիսի 30-ը պետք է ստորագրվի վերջնական համաձայնագիրը: Առաջիկայում այդ ծրագրի մասշտաբները կրճատվելու են, փոխարենը աստիճանաբար հանվելու են Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները:

XS
SM
MD
LG