Մատչելիության հղումներ

Իրանը և վեց տերությունները համաձայնության են եկել


Իրանը և վեց տերությունները համաձայնության են եկել
please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00

Իրանի Իսլամական Հանրապետությունը և վեց տերությունները` Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանն ու Գերմանիան Լոզանում անցկացրած երկարատև և լարված բանակությունների արդյունքում համաձայնեցրել են իրանական միջուկային վիճահարույց խնդրի կարգավորման առանցքային դրույթները։

Վեց տերությունները, որոնցից հինգը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են, երեկ ուշ երեկոյան ձեռք բերված այս համաձայնությամբ մտադիր են կասեցնել Իրանում ատոմային ռումբի ստեղծման հնարավորությունը։ Դրա դիմաց ԱՄՆ-ը, Եվրոպական միությունը և ՄԱԿ-ը կսկսեն աստիճանաբար մեղմել Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները, որոնք մեծ հարված են հասցրել Իրանի տնտեսությանը։

Այսպիսով, ուրվագծվում է արդիական աշխարհի ամենաբարդ հիմնախնդիրներից մեկի կարգավորման ուղին։ Իրանն անցած երկու տասնամյակում մշտապես պնդել է, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակ ունի։

Հիմա վեց տերությունները և Իրանը պետք է հստակեցնեն գործարքի մասնրամասները և մինչև այս տարվա հունիսի 30-ը ստորագրեն քաղաքական պայմանագիր։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երեկ Լոզանում ասել է, որ ուրանի հարստացման ծրագիրը էապես կսահմանափակվի, արդեն հարստացված միջուկային նյութի մի մասը դուրս կբերվի Իրանից։

«Եվրամիությունը և Միացյալ Նահանգները կհրաժարվեն պատժամիջոցներից միայն այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության թիմը ստուգման ճանապարհով պաշտոնապես հայտարարի, որ Իրանը կատարում է ստանձնած պարտավորությունները», - հայտնել է Մոգերինին։

Մեկնաբանելով Լոզանի արդյունքը՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել է, որ այսօր կա վստահության խնդիր․ - «Մենք հուսով ենք, որ համատեղ աշխատանքով կարող ենք լրացնել փոխադարձ վստահության պակասը»։

Երեկվա լուրին անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների ղեկավարը՝ ասելով, որ ամիսներ տևած բարդ ու սկզբունքային դիվանագիտության շնորհիվ ստեղծվել է շրջանակային համաձայնագիր, որն արտահայտում է բոլոր կողմերի նպատակները։

«Այդ ձևաչափը փակելու է Իրանում միջուկային զենք ստեղծելու բոլոր ուղիները», - հայտարարել է Բարաք Օբաման։

Մասնագետների համոզմամբ, Իրանին այսօրվա դրությամբ անհրաժեշտ է մոտավորապես մեկ տարի ատոմային ռումբ ստեղծելու համար։ Երեկվա համաձայնությամբ այդ ժամկետն առնվազն տասը տարով կերկարաձգվի։

Իրանի միջուկային ծրագրի հարցում առավել կոշտ դիրքորոշումը միշտ Իսրայելն է ունեցել։ Այդ երկրում համոզված են, որ անվերջ ձգձգելով համաձայնությունները և խաբելով միջուկային տեսուչներին, Թեհրանի ռեժիմն ընդամենը փորձում է կուտակել բարձր աստիճանի հարստացված ուրան, որն անհրաժեշտ է ռումբ հավաքելու համար։

ԱՄՆ-ի նախագահ Օբաման նախօրեին զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և հավաստիացրել, որ Լոզանում ձեռք բերված համաձայնությունը լուրջ քայլ է իրանական ծրագրի հարատև լուծման ուղղությամբ։ Օբաման նաև հավելել է, որ չնայած բանակցության արդյունքին, իրեն միևնույն է մտահոգում է Իրանի կողմից միջազգային ահաբեկչությունը խրախուսելու և հակաիսրայելյան թշնամական դիրքորոշից չհրաժարվելու փաստը։

Իսրայելցիները համոզված են, որ «Շվեյցարիայում ձեռք բերված համաձայնությունն իրականությունից կտրված է»։ «Այդ շրջանակային համաձայնագիրը քայլ է շատ մեծ վտանգի ուղղությամբ», - ասել է Նեթանյահուի խորհրդական Մարկ Ռեգևը։

Իսրայելը պնդում է, որ ոչ մի դեպքում թույլ չի տա Իրանին ատոմային ռումբ ստեղծել, և եթե միջազգային համաձայնությունները չաշխատեն, ապա սեղանի վրա կմնա ռումբի ստեղծումը ռազմական ուժով կախնելու տարբերակը։

Իրանում էլ կան երեկվա համաձայնությունը քննադատողներ, բայց բնակչության մեծ մասը ոգևորված է։

«Մենք երջանիկ ենք, տասը տարի ոչինչ չի զարգացել, հիմա վերջապես մենք կարող ենք առաջ գնալ», - Չինաստանի հեռուստակայանի լրագրողին ասել է Մուսա անունով թեհրանցին։

Մինա անունով թեհրանցին էլ բացականչել է. - «Ես երջանիկ եմ: Վերջապես այս ճնշումից կազատվենք, իրանցիները հարուստ պատմություն ունեցող բարյացակամ մարդիկ են, մենք որևէ երկրի դեմ չենք: Երբ այս մարդկանց երջանկությունն ես տեսնում, դու էլ ես երջանկանում»։

Իսկ թեհրանցի Ռեզան ասել է, թե աշխարհը պետք է հասկանա, որ Իրանը ոչ մի խնդիր չունի ուրիշ երկրների հետ․ - «Մենք ահաբեկիչների հետ գործ չունենք, մենք ուզում ենք, որ բոլորը երջանիկ ապրեն, հիմա մենք վերջապես կարող ենք ապրել առանց այս ճնշումների և վախերի»։

XS
SM
MD
LG