Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը քննադատում է Թուրքիային և Ադրբեջանին


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ելույթի ժամանակ, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ելույթի ժամանակ, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում ունեցած ելույթում երախտագիտություն է հայտնել Կիպրոսի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունման համար:

Ազգային ժողովի նախագահը հիշեցրել է, որ Կիպրոսի խորհրդարանը աշխարհում առաջիններից էր, իսկ Եվրոպայում՝ առաջինը, դեռևս 1975 թվականին, ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝պահանջելով պատմական արդարության վերականգնում:

Հայոց ցեղասպանությունը քրեականացնող բանաձևի ընդունումը, Սահակյանի խոսքով, «ամրագրում է հստակ ոչը համամարդկային ամոթի խարան դարձած այլատյացության, ռասիզմի և խտրականության հանդեպ»:

«Ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ ոճիր է, այլև ֆաշիզմի և անհանդուրժողականության ցայտուն դրսևորում, կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Նման սարսափելի հանցագործության կրկնության, կանխարգելման կարևորագույն գործոններից մեկը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է», - հայտարարել է Ազգային ժողովի նախագահը՝ շարունակելով․ - «Փոխվստահության և համերաշխության նույն ոգին, որ դարեր շարունակ միավորել է հայ և հույն ժողովուրդներին, պետք է համախմբի մեզ բաժին հասած ընդհանուր ողբերգության՝ Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, պատմական արդարության վերականգնման, ինչպես նաև նման ոճրագործությունների հետագա կանխարգելման գործում»:

«Այս համոզմունքով սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է: Մենք երախտապարտ ենք Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նորին գերազանցություն Նիկոս Անաստասիադիսին 2015 թվականին նախատեսվող Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին մասնակցելու վճռականության համար», - ասել է Գալուստ Սահակյանը, ընդգծելով, որ Անաստասիադիսի գլխավորած պատվիրակության ներկայությունը կլինի Կիպրոսի՝ համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության, ինչպես նաև Կիպրոսում ամուր արմատներ ձգած հայ համայնքի նկատմամբ մեծագույն հարգանքի ամենախոսուն վկայությունը:

«Ճակատագիրը մշտապես փորձությունների է ենթարկել մեր երկու ժողովուրդներին՝նրանց անընդհատ պարտադրելով ապացուցել ապրելու կամքն ու կարողությունը: Մեզ ճակատագրի բերումով բաժին հասած փորձությունների պատճառը նույն երկիրն է, որը 20-րդ դարասկզբին հայության ու մարդկության դեմ կատարած մեղսագործությունը շարունակել է 1974-ին՝ բռնությամբ զավթելով Կիպրոսի հողերը: Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որևէ փորձ: Մենք ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստայի և Թուրքիայի կողմից բռնազավթված այլ տարածքների մասին», - ասել է Ազգային ժողովի նախագահը:

«Հայաստանը բարձր է գնահատում կիպրական հիմնախնդրի լուծմանն ուղղված Կիպրոսի Հանրապետության կառուցողական մոտեցումը: Ցավում ենք, որ Կիպրոսի Հանրապետության ղեկավարության խոհեմ քաղաքականությանն ի պատասխան՝ Թուրքիան որդեգրեց խիստ ապակառուցողական մոտեցում և իր սադրիչ քայլերով խաթարեց Կիպրոսի հիմնահարցի լուծմանն ուղղված վերջին փուլի ընթացքը: Մենք քաջատեղյակ ենք Թուրքիայի կառավարության այդ գործելաոճին և մեր մաշկի վրա զգալով նման հարևանի հետ հարաբերվելու դժվարությունները՝ առավել քան հասկանում ենք ձեզ», - հայտարարել է Սահակյանը:

«Ցավոք, Թուրքիան մինչ օրս շարունակում է սրել իրավիճակը Կիպրոսի հանդեպ իր ագրեսիվ գործողություններով և ռազմական ուժ կիրառելու սպառնալիքներով՝ ապակայունացնելով ողջ տարածաշրջանը: Մենք դատապարտում ենք թուրքական կողմի անօրինական, բարբարոսական, սադրիչ գործողություններն ու ոտնձգությունները Կիպրոսի Բացառիկ տնտեսական գոտում: Կիպրոսի հիմնահարցում Հայաստանը մշտապես աջակցել և աջակցելու է, սատարել և սատարելու է Կիպրոսին՝ հանուն եղբայրական երկրի վերամիավորման, հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն խաղաղ կարգավորման և խնդրի արդարացի լուծման», - ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

Նշելով, որ արդեն մոտ վեց տարի է անցել հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից, Գալուստ Սահակյանը շարունակել է․ - «Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն, հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ: Ցավոք, Անկարան իր ոչ կառուցողական կեցվածքով ձախողեց միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիայի առջև դեռևս շարունակում են ծառացած մնալ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու՝ ապօրինի շրջափակումը վերացնելու, և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մարտահրավերները»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Ազգային ժողովի նախագահը հայտարարել է․ - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, և Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել և մնում համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունների շարունակմանը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս ձևաչափը չունի այլընտրանք, և սա է մեր սկզբունքային դիրքորոշումը: Ցավոք, վերջին մեկ տարում Ադրբեջանը լրջորեն սրել է իրավիճակը` մշտապես խախտելով հրադադարի ռեժիմը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ: Բաքվի արկածախնդրությունները պատճառ են հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար»:

«Այսօր մենք պարտավոր ենք բազմապատկել մեր ջանքերը և միասնական դիրքորոշումներով ու փոխաջակցությամբ մեր երկու եղբայրական երկրների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին՝ Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնահարցերին, արդարացի լուծում տալու և խաղաղությունն ապահովելու նպատակով», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Գալուստ Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG