Հայաստանում ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները անցել են Կամխուդ և Ալագյազ ուսումնավարժական համալիրներում մարտի 30-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական փուլին:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, զորավարժություններում ներգրավված են 600-ից ավելի զինծառայողներ և շուրջ 150 միավոր զինտեխնիկա: Զորավարժությունների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության, Հայաստանի զինված ուժերի և ուժային կառույցների ստորաբաժանումների հետ փոխգործողության մշակմանը:
Հիմնական գործողությունները ծավալվել են ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա՝ Ալագյազ ուսումնավարժական համալիրում: Մի-24 ուղղաթիռների, ՄիԳ-29 կործանիչների, «Ստրելա-10» և «Իգլա» զենիթահրթիռային համալիրների ու հրետանու կրակային աջակցությամբ խաղարկվել է զորավարժության ավարտական փուլի սցենարը՝ սպառազինության բոլոր տեսակներից մարտական կրակով: 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները պահպանել են դիրքերը պաշտպանության գծում, ապա, անցնելով հակահարձակման, չեզոքացրել պայմանական հակառակորդին:
Զորավարժությունները ղեկավարել է գեներալ-մայոր Անդրեյ Մուրաշկինը: