Կիպրոսում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սահակյանը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խթանումը մշակութային և գիտակրթական ոլորտներում, նշել է, որ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս տնտեսական կապերի զարգացմանը: Որպես համագործակցության հեռանկարային և շահավետ բնագավառներ` նա առանձնացրել է զբոսաշրջության և բանկային ոլորտները:
«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է ընձեռում Կիպրոսին և Հայաստանին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար», - հավելել է Ազգային ժողովի նախագահը:
Սահակյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման գործում: Նա փաստել է, որ մարտի 24-ին Ագգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Կիպրոսի՝ ցեղասպանությունների կանխմանը, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնմանը և պատմական արդարության հաստատմանն ուղղված գործունեությունը և իր երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար:
Անաստասիադիսը նշել է, որ Կիպրոսը եղել է և մշտապես կմնա Հայաստանի եղբայրական երկիրը և իր ուժերը կգործադրի բարեկամ երկրին աջակցելու համար:
Նիկոս Անաստասիադիսը վերահաստատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու իր որոշումը:
Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ տեղյակ լինելով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին՝ լիովին կիսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին բացառապես խաղաղ ճանապարհով լուծում տալու Հայաստանի մոտեցումը, ասված է Հայաստանի խորհրդարանի լրատվականի պաշտոնական հաղորդագրությունում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն, Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել Կիպրոսի խորհրդարանում:
Կիպրոսցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ Գալուստվ Սահակյանը խոսել է, մասնավորապես, Թուրքիայի կողմից Կիպրոսի մասնատման մասին՝ նշելով, որ Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որևէ փորձ: Նա նշել է, որ Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերում արտահայտված սկզբունքները, որոնց համաձայն՝ Կիպրոսի հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնվի երկհամայնք, երկզոնալ դաշնային կառույցի վրա՝ մեկ ընդհանուր իշխանությամբ և մեկ քաղաքացիությամբ: