Միացյալ Նահանգների 15 սենատորներ՝ ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, կոչ են անում երկրի նախագահ Բարաք Օբամային այս ապրիլին ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանության հստակ դեպք:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ անցած շաբաթ Սպիտակ տուն հղած նամակում սենատորները շեշտում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այդ ոճրագործության զոհերի հիշատակը պատշաճ կերպով հարգելու և բոլոր՝ անցյալի, ներկայիս և ապագա ցեղասպանությունների դեմ Ամերիկայի սկզբունքային դիրքորոշումն ընդգծելու անհրաժեշտությունը:
Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի և հանրապետական Քորի Գարդների գլխավորած նախաձեռնությանը միացել են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Բարբարա Բոքսերը, Ռիչարդ Դըրբինը, Դայան Ֆայնստայնը, Էդուարդ Մարքին, Գարի Փիթերսը, Ջեք Ռիդը, Բրայան Շարցը, Դեբբի Սթեյբնաուն, Էլիզաբեթ Ուորենը և Շելդոն Ուայթհաուզը, հանրապետականներ Դին Հելերը, Մարք Քըրքը և Մարկո Ռուբիոն:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ-ի նախագահին նման մի նամակ էլ հղում են Ներկայացուցիչների պալատի անդամները՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ հանրապետական Ռոբերտ Դոլդի և Ֆրենք Փալոնի գլխավորությամբ:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, հիշեցնենք, ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձներում գործածում է ոչ թե Հայոց ցեղասպանություն, այլ Մեծ Եղեռն տերմինը: