Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» քննարկում է «Ծովից ծով Հայաստանը» վերականգնելու օրինագիծը


«Ժառանգությունը» քննարկում է «Ծովից ծով Հայաստանը» վերականգնելու օրինագիծը
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Ցույց տալով ծովից ծով Հայաստանի քարտեզը, որտեղ ներառված են Մեծ ու Փոքր Հայքերը, Կիլիկյան Հայաստանը՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունն ու պատմական հայրենիքի տարածքը:

Այսօր «Ժառանգությունը» քննարկում էր հրավիրել Զարուհի Փոստանջյանի հեղինակած օրինագծի շուրջ, որով դատապարտվում է Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայ ժողովրդի հայրենզարկումը:

Օրինագիծը Ազգային ժողովի օրակարգ ընդունելու հարցը 1 տարով հետաձգվել է հենց Փոստանջյանի խնդրանքով, որպեսզի դրա շուրջ քննարկումներ անցկացվեն։ Պատգամավորն ասում է՝ այսօր Ցեղասպանության ճանաչման կողքին պետք է լինի նաև արդարացի փոխհատուցման պահանջը:

«Կարծում եմ՝ ապրիլի 24-ից հետո մենք պետք է արդեն ոչ միայն ցեղասպանության ճանաչման խնդիր դնենք, այլ հենց տարածքների հետ վերադարձի խնդիրը պետք է դնենք միջազգային հանրության առջև և նաև որպես մեր պետության պետական ծրագիր», - ասում է նա:

Որքանով է իրատեսական այժմ նման պահանջ դնել՝ Փոստանջյանը բերում է Ղարաբաղի օրինակը․ երբ 1989 թվականին որոշում էր կայացվում, որ Արցախը Հայաստանի մասն է, այդ ժամանակ նույնիսկ ընդհանուր սահման չկար Ղարաբաղի հետ: Կարևորը, որ հանրությունը պատրաստ լինի փոփոխություններին․ - «Երբ հանրությունը պատրաստ է լինում, երբ ժամանակը ինքն է բերում այդ ամենին, ապա նաև այս գործիքները շատ անհրաժեշտ են լինելու մեզ»:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ խորհուրդ է տալիս իրատեսության հարցը հեռանկարում դիտել:

«Այսօրվա ռոմանտիկը վաղվա իրատեսը կդառնա: Այսինքն՝ պահի մեջ չնայենք ամեն ինչը, որոշ խնդիրներ կան, որ պետք է սկզբունքային դրվեն, եթե ոչ վաղը՝ ժամանակի ընթացքում լուծվեն», - ասում է նա:

Հովհաննիսյանի կարծիքով՝ պահանջատիրության հարցը պետական մակարդակով բարձրացնելը ռազմավարական և մարտավարական նշանակություն ունի: Այժմ միջազգային ատյաններում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի օկուպանտ են հայտարարում, այնինչ իրենք են խախտել մեր տարածքային ամբողջականությունը:

«Ամենաանհեթեթ բանն է, որ գնում են իրենք են խոսում մեր հասցեին՝ այս եզրերով», - ասում է Հովհաննիսյանը:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, էապես թուլացնում է Հայաստանի դիրքերը նաև արտաքին խնդիրների լուծման հարցում․ - «Ժառանգության» տեսակետը, իմ տեսակետը այն է, որ մեծապես դա վտանգում է մեր ինքնիշխանությունը: Համարում ենք դա հերթական հակասահմանադրական քայլ, և թուլացնում է այդ անդամակցությունը մեր արտաքին օրակարգը իրացնելու խնդիրը»:

Քննարկմանը ելույթ ունեցավ նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Օմբուդսմենն ասաց՝ կուսակցությունների հրավերները սովորաբար մերժում է, սակայն այս հարցը և առաջարկը կուսակցական պատկանելիություն չունի, բացի այդ անմիջականորեն անդրադառնում է մարդու իրավունքների խախտմանը: Մարդու իրավունքների պաշտպանի այս տարվա զեկույցի նախաբանը նվիրված է հենց Հայոց ցեղասպանությանը՝ որպես մարդու իրավունքների կոպտագույն խախտման:

«Զեկույցը, որը ներկայացվում է ոչ միայն մեր հանրությանը, այլև մեր բոլոր միջազգային գործընկերներին, որոնք գիտեք ինչքան են հետաքրքրված մեր երկրում մարդու իրավունքների խնդիրներով: Մենք կարևոր ենք համարել, որ ցանկացած օտարերկրյա մեր գործընկեր, որը հետաքրքրվում է մարդու իրավունքների խնդրով Հայաստանում, առաջին հերթին մտածի, թե որքանով են խախտվում մարդու իրավունքները Հայաստանում, երբ արդեն 100 տարի տևող ուրացումը և պատասխանատվությունից խուսափումը Թուրքիայի կողմից հանգեցնում է նման կոպիտ խախտման», - մասնավորապես, ասաց Անդրեասյանը:

XS
SM
MD
LG