Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձել Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Այս հարցերի շուրջ ելույթ է ունեցել Նալբանդյանը։

Հանդիպմանը նաև քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցերը, անդրադարձ է արվել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին հրավիրված էր և ելույթ է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչը։

Նիստին մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ-ի ու ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների միջև համագործակցության շուրջ։

Նախարարները որոշել են 2015 թվականին ՀԱՊԿ-ի անունից կատարվելիք հայտարարությունների տասը թեմաները, որոնցից երեքը՝ Հայաստանի նախաձեռնությամբ։

Նախարարները Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ընդունել են համատեղ հայտարարություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG