Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանի ու նրա ընտանիքի նկատմամբ «ճնշումները շարունակվում են»


Պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, արխիվ:
Պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, արխիվ:

Արդեն մեկուկես տարի բանտում գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ընկերներն են հանգանակությամբ հավաքված գումարով վճարել դատավճռով սահմանված 2 հազար դոլարի տուգանքը։

Անցած շաբաթավերջին Ավետիսյանի ընտանիքը ծանուցում էր ստացել Դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակից՝ երեք օրում տուգանքը վճարելու պահանջով։

Facebook սոցիալական ցանցում Ավետիսյանի ընկերները՝ հիմնականում «Հիմնադիր խորհրդարանից», կոչ էին արել օգնել Ղարաբաղյան պատերազմի վետերանի բազմանդամ ընտանիքին։

«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց կոչին արձագանքել են շատերը, այդ թվում՝ արտերկրից։ Ընդհանուր առմամբ ավելի քան 500 հազար դրամ է հավաքվել․ - «Դրամահավաքը շարունակվում է։ Մոտավորապես 380 հազար դրամի չափ վերադարձման ենթակա գումար ունենք դեռ, որ պետք է դա էլ հավաքենք»:

Եթե գումարը չհավաքվեր, Ավետիսյանի ընտանիքը կարող էր զրկվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող իրենց հողակտորից, որի հաշվին այսօր փոքր եկամուտ են ստանում։

«Պատկերացրեք, որ Վոլոդյա Ավետիսյանին պատկանող կամ որտեղ ինքը համասեփականատեր է, ցանկացած գույք, իր, ամբողջը կալանքի տակ է: Եվ այս իշխանություններից սպասելի է ամեն ինչ: Վճիռը կա, օրինական ուժի մեջ մտել է, կգան հողամասը կտանեն», - ասաց Սարուխանյանը՝ շարունակելով․ - «Այստեղ խնդիրն այն է, որ Վոլոդյա Ավետիսյանի փոքր երեխեքին, հիվանդ մորը, հիվանդ կնոջը փողոցում չթողնել»:

Ազատամարտիկի ընկերները շարունակում են պնդել, որ Վոլոդյա Ավետիսյանը իրականում դատապարտվել է իշխանություններին քննադատելու և հակաիշխանական ցույցեր կազմակերպելու համար։ Ընդ որում, ընկերների խոսքով, Ավետիսյանին խարդախության մեղադրանքով 6 տարի ազատազրկելուց հետո էլ ճնշումները նրա և ընտանիքի նկատմամբ շարունակվում են․ - «Մոգոնվում են տարբեր տիպի անհավանական բաներ, որ մի բանով էլ ցավացնեն»:

Վերաքննիչ ու վճռաբեկ ատյանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի բողոքներն ու ապացուցված համարել խարդախության մեղադրանքը։ Փաստաբան Արա Զաքարյանը, սակայն, վստահ է, որ այս գործում խախտումները բազմաթիվ են: Մասնավորապես, Քրեական օրենսգրքի խարդախության մասին հոդվածը, որով դատապարտվել է Ավետիսյանը, տուգանք չի նախատեսում։

«Քաղաքացին ասում է՝ այո, ես Վոլոդյա Ավետիսյանից որևէ պահանջ չունեմ, դատարանն ասում է՝ դու պահանջ չունես, ուրեմն մենք այդ գումարը կուղարկենք բյուջե: Այսինքն՝ կպատժենք Վոլոդյա Ավետիսյանին նաև այս եղանակով: Թեպետ այսպիսի պատիժ նախատեսված չէ», - նշեց փաստաբանը:

Արա Զաքարյանը նյութեր է նախապատրաստում՝ դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

XS
SM
MD
LG