Մատչելիության հղումներ

Թուրքիայում պատանդ է վերցվել 14-ամյա պատանու գործը հետաքննող դատախազ


Մեհմեթ Սելիմ Քիրազ
Մեհմեթ Սելիմ Քիրազ

Այսօր Թուրքիայում զինված անձինք դատարանի շենքում՝ սեփական աշխատասենյակում, պատանդ են վերցրել Գեզի այգու համար ցույցերի ժամանակ սպանված 14-ամյա պատանու գործը քննող դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին:

Լրատվամիջոցները հրապարակել են ահաբեկիչների արած լուսանկարը, որում նրանցից մեկը դատախազի գլխին է ուղղել ատրճանակը և փակել է բերանը:

Հաղորդվում է, որ ահաբեկիչները Թուրքիայում արգելված Մարքսիստական հեղափոխական խմբի անդամներ են: Նրանք հայտարարել են, որ կսպանեն դատախազին, եթե իրենց պահանջները չկատարվեն:

Շենքի բոլոր աշխատակիցները տարհանվել են: Թուրքական հատուկ նշանակության զորքերը մուտք են գործել շենք, որից հետո մի քանի կրակոց է լսվել:

Իշխանություններն արգելել են ուղիղ հեռարձակումը դեպքի վայրից՝ պատճառաբանելով դա անվտանգության նկատառումներով: Նրանք նշել են, որ բանակցությունները ահաբեկիչների հետ շարունակվում են:

Ահաբեկիչները հայտարարել են, որ պահանջում են, որպեսզի 14-ամյա Բերքին Էլվանին սպանած ոստիկանը հեռուստատեսությամբ խոստովանի մեղքը, և որ այդ ոստիկանին պետք է դատի ժողովուրդը, ոչ թե պետական դատարանը:

Ահաբեկիչները նաև պահանջել են չխոչընդոտել դատարանի շենքից իրենց հեռանալուն:

Գեզի այգու համար ընթացող ցույցերի ժամանակ ոստիկաններից մեկը հարվածել էր 14-ամյա Բերքին Էլվանի գլխին, երբ վերջինս գնում էր հաց գնելու: Պատանին մահացել է 9 ամիս կոմայում անցկացնելուց հետո:

Այսօր նրա հայրը հայտարարել է, որ «արյունը արյամբ չի կարող մաքրվել» և որ դատախազը պետք է ազատ արձակվի:

Ըստ BBC-ի, Reuters-ի և Аljazeera-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG