Մատչելիության հղումներ

Նալբանդյան. Ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարը շարունակում է լինել հրամայական


Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

ՀՀ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովում։

Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրագործումից անցել է 100 տարի, սակայն ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարը շարունակում է լինել հրամայական, այսօր ասել է Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովի ժամանակ։

«Ցեղասպանությունների դարաշրջանը անցած իրողություն չէ: Կանխարգելումը պետք է մշտապես լինի քաղաքակիրթ աշխարհի մշտական ուշադրության կենտրոնում և համախմբի նրա բոլոր ջանքերը՝ չստորադասելու այս վեհ մարդասիրական գործը աշխարհաքաղաքական որևէ հաշվարկների: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը բարոյական պատասխանատվություն է զգում՝ աջակցելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Մենք ակտիվորեն գործում ենք և հետագայում ևս շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Այս համատեքստում, կարևոր է ընդգծել, որ մի քանի օր առաջ՝ մարտի 27-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած և 64 պետությունների կողմից համահեղինակած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը», - Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Նալբանդյանը նշել է, որ մարդու իրավունքների ոտնահարմամբ ուղեկցվող հակամարտությունները և ճգնաժամերը, շարունակում են վտանգել ֆրանկոֆոն տարածքի որոշ տարածաշրջանների կայունությունը:

«Մենք առավել քան երբևէ արժևորում ենք Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության: Կազմակերպության ներգրավվածությունը մեր հիմնարար արժեքների տարածման և հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման գործում նշանակալի ձեռքբերում է: Տեղեկացնեմ, որ Հայաստանը դիտարկում է ֆրանսիական զորախմբի կազմում աֆրիկյան մայրցամաքում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին իր հնարավոր մասնակցությունը բերելու հարցը», - ասել է Նալբանդյանը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, արտգործնախարարն ընդգծել է, որ
Ադրբեջանի ղեկավարությունը «հրաժարվել է բարձրաստիճան հանդիպումների ընթացքում ստանձնած իր հանձնառություններից՝ հանգուցալուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և դիմել է իրավիճակն առավել սրելուն ուղղված հանցավոր սադրանքների»:

«Դակարի գագաթաժողովը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովներն ամրագրել են մեր Կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, և կոչ արել ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և բանակցությունների համար հիմք ընդունել Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները՝ որպես մեկ միասնական ամբողջություն, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքները՝ որպես հակամարտության հավասարակշիռ և տևական կարգավորման հիմք», - ասել է Նալբանդյանը՝ ընդգծելով, որ չնայած Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի տապալմանն ուղղված քայլերին՝ Հայաստանը` միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG