Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները պահանջում են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ


Նաիրիտցիները պահանջում են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ
please wait

No media source currently available

0:00 0:00:56 0:00

Նաիրիտցիները պահանջում են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ

Ցուցարարների հիմնական պահանջը նույնն է՝ վճարել չվճարված աշխատավարձը:

Ի տարբերություն նախորդ բողոքի ակցիաների, երբ «Նաիրիտ»-ի ցուցարարները հանդիպում էին պահանջում համապատասխան պաշտոնյաների հետ, բայց արձագանք չէին ստանում, այս անգամ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ինքն է ցանկացել հանդիպել գործարանի ներկայացուցիչներին։

Այսօր Զախարյանը հանդիպում ունեցավ «Նաիրիտ»-ի հինգ հոգանոց պատվիրակության հետ, որում ընդգրկված էր նաև գործարանի տնօրենը։ Երվանդ Զախարյանի պատասխանին ցուցարարները սպասում էին նախագահի նստավայրի մոտ, որտեղ առավոտից իրենց բողոքի ցույցն էին անցկացնում՝ պահանջելով ամիսների չստացած աշխատավարձը։ Մոտ մեկ ժամ տևած հանդիպումից, սակայն, պատվիրակության անդամները հիասթափված վերադարձան։

Բողոքի ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ նախարարը ոչ մի նոր բան չի ասել, միայն նշել է, որ շարունակվում են բանակցությունները միջպետական բանկի հետ, նաև փորձում են վաճառել գործարանի ոչ պիտանի գույքը։

«Ձեր բոլորի պահանջները, բոլորի ասածները, թե մենք ինչ պիտի այնտեղ փոխանցենք, բոլոր ծայրահեղ միջոցների կդիմենք, որ մենք արդեն չենք դիմանում, որ մարդիկ կան, որոնք այսօր արդեն նստած են առանց լույս ու գազի․․․ այս ամեն ինչը իրենց ասեն ենք: Մարդը ասում է՝ ես ոչինչ անել չեմ կարող: Ճանապարհները մենք տեսնում ենք, նաև ասում ենք: Եթե խոստանում եք, որ այո, պիտի վճարեք, և դա մեր գույքի վաճառքի հաշվին է, բարի եղեք նույն բյուջեից, ձեր վարկերից մեզ վճարել մեր աշխատավարձը, հետո այդ ծախսը վերականգնել վաճառքից գոյացած գումարների հաշվին: Բյուջեն կարող է սպասել, մենք չենք կարողանում արդեն», - փոխանցեց Հարությունյանը:

Գործարանի աշխատողները դժգոհ էին նախարարի պատասխանից և նշում էին, որ հանդիպում են ակնկալում հանրապետության վարչապետի և նախագահի հետ։

«Բա նախագահը փոխանակ աշխատատեղ ստեղծի, երկու հազար մարդուն հանի փողո՞ց: Ինչի՞ համար», - վրդովված ասաց ցուցարարներից մեկը:

Նախագահի նստավայրից ցույցին արձագանքեց նամակների բաժնի պետը, ով և խոստացավ նախարար Զախարյանի հետ հանդիպման արդյունքների մասին զեկուցել նախագահին։ Թեև նաիրիտցիները նշում էին, որ մինչև իրենց հստակ խոստում չտրվի, չեն հեռանալու, սակայն մի քանի ժամ սպասելուց հետո ստիպված եղան հեռացնալ։

XS
SM
MD
LG