Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային ժողովում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման բացմանը:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ վարչապետը կարծիք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալով՝ Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի քան 170 միլիոնանոց շուկայի մաս, ինչը ներդրումների և խոշոր երկարաժամկետ նախագծերի իրականացման համար Հայաստանը դարձնում է առավել գրավիչ:
«Եվրասիական տնտեսական միության գործունեությունն ավելի է խորացնում անդամ երկրների միջև արդեն իսկ գոյություն ունեցող երկկողմ կապերն ու հարաբերությունները, ինչպես նաև մեծ հնարավորություններ է ընձեռում առևտրատնտեսական ոլորտում միջպետական փոխգործակցության համար: Այս ամենն անչափ կարևոր է ներկայիս աշխարհաքաղաքական և տնտեսական գործընթացներում», - նաև ասել է Հովիկ Աբրահամյանը՝ հույս հայտնելով, որ միջոցառման ընթացքում հնչած առաջարկությունները կգտնեն իրենց գործնական կիրառումը: