Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարին ծեծողը տուգանվեց 80 հազար դրամով


ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյան, արխիվ
ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյան, արխիվ

Այսօր դատարանը վճռեց Պարգև Մանուկյանին տուգանել 80 հազար դրամի չափով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին ծեծի ենթարկելու համար։

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի, մեղադրյալը ընդդիմադիր գործչին ծեծել է իր հարազատին հեռախոսով վիրավորելու համար։ Միջանձնային այս վեճից բացի, նախաքննական մարմինն այլ վարկած չի քննել, դատարանն էլ շարունակում է նույն ոգով: Մինչդեռ, ըստ Փիլիպոսյանի, վեճը ծագել է քաղաքական տարաձայնությունների պատճառով, երբ գյուղապետի մերձավորները թույլ չէին տվել ընդդիմադիրներին եռյակի հանրահավաքի մասին իրազեկում իրականացնել։

Թեև Մանուկյանին առաջադրված հոդվածը նախատեսում էր առավելագույնը երկու ամսվա ազատազրկում, դատավորը վճռեց սահմանփակվել նվազագույն պատժով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի ութսունաապատիկի չափով։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը ծեծի էր ենթարկվել անցած տարվա դեկտեմբերի 12-ին։ Բժիշկները ընդդիմադիր գործչի մոտ ախտորոշել էին ուղեղի ցնցում և կրծքավանդակի սալջարդ։

Իր դեմ բռնությունը Փիլիպոսյանը որակել էր քաղաքական։ Օրերս նա «Ազատության» հետ զրույցում դժգոհել էր իր դեմ բռնության գործով նախաքննությունից ու դատական գործընթացից՝ նշելով, որ նախաքննական մարմնի կողմից արվեց հնարավորը, որ գործը դատարան մտնի որպես կենցաղային մի միջադեպ՝ բացառելով քաղաքական հաշվեհարդարը։

Սիսակ Գաբրիելյան

Մանրամասները՝ տես այստե՛ղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG