Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը դատապարտում է մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպը


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) դատապարտել է մարտի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում տեղի ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, շաբաթ օրը Գյումրիում՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի ժամանակ դանակահարվեց «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Հրաչ Միրզոյանը:

ՀԱԿ-ի հայտարարությունում մասնավորապես ասված է.- «Մարտի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարան»-ի հանրահավաքի ընթացքում, ըստ էության, ոստիկանների ներկայությամբ, նրանց անտարբերության ու անգործության պայմաններում, հանրահավաքը խանգարելու ուղարկված սադրիչների կողմից դանակահարվել է «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Հրաչ Միրզոյանը։ Քաղաքական ասելիքից, պետական մտածելակերպից ու իշխանության մասին պատկերացումներից բացարձակապես զուրկ Սերժ Սարգսյանի վարչախումբը շարունակում է ապավինել վերջին՝ քրեական ու գողական մեթոդներին։ Պետության ու իշխանության համար մեղկ ու ամոթաբեր, քաղաքական հակառակորդների նկատմամբ իր անզորությունը ցուցադրող հանցավոր այս գործելակերպի դրսևորումների շարքը օր-օրի երկարում է»։

ՀԱԿ-ը հիշեցրել է վերջին շրջանում տեղի ունեցած բռնությունները՝ քաղաքացիական ակտիվիստների ու ՀԱԿ անդամների նկատմամբ. - «Հիշենք, որ այդօրինակ բռնարարքների թիրախ են դարձել Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը, նույն այս կազմակերպության մի շարք անդամներ Բերձորում, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, Կոնգրեսի Հրազդանի տարածաշրջանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը։ Գյումրիում կատարված փոքրոգի դանակահարությունը այս շղթայի հերթական մի օղակն է»։

«Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանական ահաբեկչության հերթական այս ակտը և համարում, որ իր այսօրինակ գործելակերպով վարչախումբը պարզապես շեշտում է իրենից օր առաջ ազատվելու խնդրի հրատապությունը», - ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG