Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արմավիրի մարզ:
Աբրահամյանը, կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախ եղել է Եղեգնուտ համայնքում գտնվող Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկայում, որի ղեկավարները տեղեկացրել են, որ ընթացիկ տարում ծրագրվում է թռչնամսի արտադրական ծավալները հասցնել 4 հազար տոննայի, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի կլինի 30 տոկոսով:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն Արմավիրի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին և հողօգտագործողներին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական ընթացքն ու կատարված միջոցառումները:
Գյուղնախարարը, մասնավորապես, ասել է, որ կառավարությունը գյուղացիական տնտեսություններին կտրամադրի ներկրված բարձրորակ հացահատիկային մշակաբույսերի սերմացուն, մատչելի գնով պարարտանյութը և դիզելային վառելիքը: Սերգո Կարապետյանը շեշտել է, որ այսուհետ գյուղացիական վարկերը չորս տոկոսի փոխարեն սուբսիդավորվելու են 6 տոկոսով, իսկ վարկերը կտրամադրվեն ապրիլի 1-ից:
Վարչապետը կոչ է արել հողօգտագործողներին լոլիկի արտադրությունը հասցնել առավելագույնի, քանի որ այն ունի մեծ պահանջարկ: Աբրահամյանը նշել է, որ տարբեր գործիքակազմերով կառավարությունը պատրաստ է օժանդակել և՛ լոլիկ արտադրողներին, և՛ այն մթերող կազմակերպություններին: Հովիկ Աբրահամյանն արմավիրցիներին տեղեկացրել է նաև, որ Արմավիր-Երասխավան ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կսկվեն առաջիկայում: