Իրաքի հատուկ ջոկատայինները հետ են վերցրել Տիկրիտի կենտրոնը։ Իրաքցի պաշտոնյաները մարտի 26-ին տեղեկացրել էին, որ ԱՄՆ-ի առաջնորդությամբ՝ կոալիցիոն օդուժը հարվածներ է հասցրել Տիկրիտում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ։
Իրաքի զինված ուժերը և Իրանի աջակցությունը վայելող շիա աշխարհազորայինները արդեն երեք շաբաթ շարունակ պաշարել են զինյալների դիրքերը Տիկրիտում և փորձում են հետ խլել ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքը «Իսլամական պետությունից»:
Մարտի 2-ին Իրաքի իշխանությունները, շուրջ 30 հազարի հասնող զորախմբով, սկսեցին գրոհել Տիկրիտը, որը Իրաքի նախկին դիկտատոր Սադդամ Հուսեյնի ծննդավայրն էր: «Իսլամական պետությունը» ավելի քան 8 ամիս իր ձեռքում էր պահում քաղաքը և այս ընթացքում հնարավորություն է ունեցել ամրապնդել իր դիրքերը:
Տիկրիտի գրավումը կարևոր ռազմավարական քայլ է համարվում հյուսիսային Մոսուլ քաղաքը վերագրավելու ճանապարհին: