Սաուդյան Արաբիան, տարածաշրջանի իր կոալիցիոն գործընկեր-պետությունների հետ համագործակցությամբ, այսօր կրկին օդային հարվածներ է հասցրել ապստամբ շիա մահմեդական հութիների՝ Եմենի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Տեղի բնակիչները միջազգային գործակալություններին փոխանցել են, որ հարվածներ են հասցվել, մասնավորապես, մայրաքաղաք Սանայում գտնվող նախագահական նստավայրին:
Եմենի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադին երեկ հեռացել է երկրից և այժմ գտնվում է Սաուդյան Արաբիայում:
Սուննի մահմեդականության պատվար Սաուդյան Արաբիան և նրա գործընկերները համարում են, որ շիաներին աջակցող Իրանը փորձում է հութիների միջոցով իր վերահսկողությունը հաստատել Եմենի նկատմամբ:
Եմենում ապստամբների դեմ պայքարին միացած Սաուդյան Արաբիայի գործընկերների թվում են Միացյալ Արաբական Էմիրությունները, Քուվեյթը, Քաթարը և Բահրեյնը: