Ղրիմի բռնակցմանը դեմ քվեարկած Ռուսաստանի Պետական դումայի միակ պատգամավորը` Իլյա Պոնոմարյովը, կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից։
Այդ պահանջով Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին պաշտոնական նամակով դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը։ Ըստ Մոսկվայից ստացված հաղորդագրության, իրավապահները նրան կասկածում եմ ֆինանսական մեքենայությունների մեջ։ Դուման հարցը քննարկելու է ապրիլի 6-ին։
Անցյալ տարվանից Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Պոնոմարյովը հերքել է մեղադրանքը։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել է, թե այդ գործը հարուցում են բացառապես քաղաքական դրդապատճառներով։ Նա ասել է նաև, որ մտադիր չէ վերադառնալ Ռուսաստան։ «Մի՞թե կամավոր բանտ գնալն իմաստ ունի»,- ասել է Պոնոմարյովը։