Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության գործով նախաքննությունն ավարտվել է


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Հիշեցնենք՝ Արամ Մանուկյանը անցած տարվա դեկտեմբերի 11-ին բռնության էր ենթարկվել իր շենքի շքամուտքում:

Կոմիտեն հաղորդում է, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արամ Մանուկյանի դեմքին բռունցքով հարվածել է ՀՀ քաղաքացի Արշակ Սվազյանը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հարվածի հետևանքով Մանուկյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Մեղքը հաստատվելու դեպքում Արշակ Սվազյանին սպառնում է առավելագույնը երկու ամսվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG