Մատչելիության հղումներ

«Իսլամական պետության» դեմ կազմված կոալիցիան աջակցում է Տիկրիտի վերագրավման օպերացիային


«Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի առաջնորդությամբ կազմավորված կոալիցիան սկսել է ռազմական աջակցություն ցուցաբերել Տիկրիտ քաղաքը վերագրավելու նպատակով Իրաքի նախաձեռնած օպերացիային:

Մարտի 21-ից կոալիցիան սկսել է հետախուզական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել, արևմտյան լրատվական գործակալություններին տեղեկացրել է բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հրապարակվում:

Կոալիցիան նախկինում աջակցել է Իրաքի ուժերին օդից հարվածներ հասցնելով «Իսլամական խմբավորմանը», ինչպես նաև օգնել է իրաքյան ուժերի վերապատրաստմանը, զենք տրամադրել, սակայն առաջին անգամ է հայտարարվում ԱՄՆ-ի և նրա գործընկերների ուղղակի ներգրավման մասին զինյալների դեմ պայքարում:

Իրաքի կառավարական ուժերը և Իրանից աջակցություն ստացող շիա աշխարհազորայինները մարտի 2-ից ռազմական օպերացիա են նախաձեռնել՝ փորձելով Տիկրիտը հետ խլել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից:

«Իսլամական պետությունը» ավելի քան 8 ամիս իր ձեռքում էր պահում քաղաքը և այս ընթացքում հնարավորություն է ունեցել ամրապնդել իր դիրքերը:

Տիկրիտի գրավումը կարևոր ռազմավարական քայլ է համարվում հյուսիսային Մոսուլ քաղաքը վերագրավելու ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG