2014 թվականի դեկտեմբերի 5-ից կալանքի տակ գտնվող լրագրող Խադիջա Իսմայիլովային մարտի 24-ին՝ առաջին անգամ իր ձերբակալությունից հետո, թույլատրել են հանդիպել հարազատների հետ։ Ադրբեջանական Քյուրդախանի քրեակատարողական հիմնարկ են այցելել լրագրողի քույրը և զարմուհին։
«Խադիջան երեկ զանգահարել էր և հաղորդել հանդիպման թույլտվության մասին։ Մենք շատ ուրախացանք, որ վերջապես կարող ենք հանդիպել նրա հետ։ Մեր հանդիպումը Խադիջայի հետ տեղի է ունեցել ապակյա պատնեշի միջոցով. Խադիջան ապակու հետևում էր, մենք նրա հետ շփվել ենք հեռախոսով։ Նա հարցնում էր ընկերների մասին, «Ազատություն» ռադիոկայանի իր գործընկերներից։ Նա ասել է, որ իրենց այցելել ցանկացողները կարող են նամակներ ուղարկել քրեակատարողական հիմնարկի հասցեով։ Տեսնենք, թե որքան ժամանակում տեղ կհասնի նամակը», - «Թուրան» գործակալության հետ զրույցում պատմել է լրագրողի քույրը՝ Սաբինա Ռահիմովան՝ նշելով, որ Խադիջայի ինքնազգացողությունը և տրամադրությունը լավ է։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին Իսմայիլովային մեղադրանք էր առաջադրվել խոշոր չափերի գումարների յուրացման, ապօրինի ձեռներեցությամբ զբաղվելու, հարկերից խուսափելու հատկանիշներով։ Լրագրողը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է 2014-ի դեկտեմբերի 5-ին: Ձերբակալելիս նրան մեղադրել էին «Ազատության» և Meydan TV հեռուստաընկերության նախկին թղթակից Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության փորձի հասցնելու մեջ: