Մատչելիության հղումներ

Նորվեգիան պատրաստակամություն է հայտնել ավելացնել գազի մատակարարումները ԵՄ-ին


Նորվեգիա -- Նորվեգական հորատող պլատֆորմ Հյուսիսային ծովում, արխիվ
Նորվեգիա -- Նորվեգական հորատող պլատֆորմ Հյուսիսային ծովում, արխիվ

Նորվեգիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ավելացնել Եվրոպական միության 28 երկրներին մատակարարվող գազի ծավալները:

«Կարծում եմ, որ Նորվեգիան կարող է էներգետիկ անվտանգության հարցում աջակցել ԵՄ-ին, որը մտահոգված է էներգակիրների հարցում Ռուսաստանից իր կախվածությամբ և փորձում է դիվերսիֆիկացնել ներկրման աղբյուրները», - Բրյուսելում երեկ կայացած քննարկման ժամանակ հայտարարել է արտգործնախարար Բոյգե Բրանդեն:

Նա նշել է, որ Ռուսաստանն այս պահին մատակարարում է Եվրամիությունում սպառվող գազի 30 տոկոսը, իսկ Նորվեգիան՝ 20 տոկոսը:

«Առաջիկա տարիներին մենք կարող ենք ավելացնել այդ ծավալները», - հավելել է Նորվեգիայի արտգործնախարարը:

Եվրամիության կլիմայական փոփոխությունների և էներգետիկայի հարցերով հանձնակատար Միգել Արիես Քենեթը ասել է, որ Ռուսաստանը «մնալու է մեր գործընկերը նաև ապագայում», սակայն ռուսական պայմանագրերը պետք է թափանցիկ լինեն և հարգեն «եվրոպական օրենքները»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած տարվա դեկտեմբերին հայտարարեց, որ Ռուսաստանը կասեցնում է Հարավային հոսք գազատարի շինարարությունը, որը պետք է Սև ծովով գազ մատակարարեր Եվրոպա: Ծրագիրը չեղյալ հայտարարվեց Ուկրաինայում Ռուսաստանի վարած քաղաքականության առնչությամբ Եվրամիության հետ հարաբերությունների սրման համատեքստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG