Մատչելիության հղումներ

Վրաստանում ընդդիմության բազմամարդ հանրահավաքը պահանջել է կառավարության հրաժարականը


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ տասնյակ հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ պահանջելով կառավարության հրաժարականը։

Մարտի 21-ին կայացած հանրահավաքը կազմակերպել էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի Միացյալ ազգային շարժում կուսակցությունը։

Հանրավաքին տեսակամրջի միջոցով ելույթ է ունեցել Սաակաշվիլին, ով, մասնավորապես, ասել է. - «Մենք միացյալ ենք մեր երկիրը քանդող կառավարությունից Վրաստանն ազատելու մեր միասնական նպատակով»։

Միացյալ ազգային շարժման պատգամավոր Գիորգի Գաբաշվիլին հայտարարել է, որ առաջիկա օրերին նման հանրահավաքներ կանցկացվեն նաև Վրաստանի այլ քաղաքներում։

Ընդդիմադիրների իշխող «Վրացական երազանք» կոալիցիային մեղադրում են երկրի տնտեսությունը խարխլելու մեջ։ Անցած տարի Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, 30 տոկոսով արժեզրկվեց, երկրում աճում է ինֆլյացիան և գործազրկությունը։

Սաակաշվիլիի իշխանության տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք քաղաքական գործիչներ անցած երկու տարիներին ձերբակալվել և քրեական հետապնդումների են ենթարկվել՝ չարաշահումների համար։

Սաակաշվիլին, ով նույնպես մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեջ, հեռացել է երկրից և այժմ ապրում է Կիևում՝ հանդիսանալով Ուկրաինայի նախագահի խորհրդական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG